«Վանա ծովուն արշալույսը». կինոդիտում՝ նվիրված Ցեղասպանության 100-ամյա տարելիցին

Դիտումների քանակ՝ 1102

Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում այսօր ՀՊՏՀ ուսանողական խորհրդի մշակույթի և սպորտի հանձնաժողովի նախաձեռնությամբ  բուհի մեծ դահլիճում ցուցադրվեց «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը:

Ներկաներին ողջունելով` մշակույթի և սպորտի հանձնաժողովի նախագահ Վիգեն Հարությունյանը նշեց, որ  Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված  կինոդիտումները կազմակերպվում են ամեն ուրբաթ: Հանձնաժողովի նախագահը ամփոփ ներկայացրեց նաև ցուցադրվող ֆիլմի սյուժեն:

Ֆիլմի գլխավոր հերոսը` 80-ամյա Կարապետը, որի մայրը հրաշքով փրկվել էր 1915-ի ջարդերից, փորձում է իր սերունդների մեջ պահպանել կորուսյալ հայրենիքի հիշողությունը։ Միայն այդ ճանապարհով նա կարող է փրկել ընտանիքը փոխադարձ խորթացումից ու քայքայումից։ Կարապետն իր պարտքն է համարում ամեն տարի ապրիլի 24-ին Թուրքիայի դեսպանատան դիմաց այրել այդ երկրի ազգային դրոշը։ Դա նրան հասանելի բողոքի միակ ձևն է։ Հոր քայլերը զայրացնում են որդուն` Տիգրանին, որը ստիպված է հոր պատճառով տուգանքներ մուծել, իսկ 17-ամյա թոռան համար պապի քայլերն անհասկանալի են, թոռը նույնիսկ սիրահարված է ԱՄՆ սովորելու եկած թրքուհի համակուրսեցուն։ Կարապետի անհաշտ ու անզիջում բնավորությունը թանկ է նստում նրա հարազատների վրա։

«Ուրբաթյան կինոդիտումների շրջանակներում արդեն ցուցադրվել են «Մայրիկ», «Մուսա լեռան քառասուն օրը» և այսօր՝  «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմերը»,-հավելեց  Վիգեն Հարությունյանը:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին