Բաց դաս՝ «Շոկոլադի շուկայի ուսումնասիրություն» խորագրով
«Շոկոլադի շուկայի ուսումնասիրություն» խորագրով այսօր մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետի մարքեթինգ մասնագիտության 3-րդ կուրսում կազմակերպվել էր բաց դաս՝ դասախոս,տ.գ.թ., դոցենտ Մարինե Նիկողոսյանի նախաձեռնությամբ: Դասին մասնակցում էին մարքեթինգի ամբիոնի դասախոսներ:
Բաց դասի բանախոսներ, հետազոտության կատարողներ Ժենյա Բաղդասարյանը, Մարիամ Թումանյանը և Գոռ Հարությունյանը ներկայացրեցին շոկոլադի շուկայի՝ իրենց կատարած հետազոտությունը՝ խոսելով շոկոլադի ստեղծման պատմության, շոկոլադ արտադրող աշխարհի առաջատար ընկերությունների, դրանց մասնաճյուղերի (աշխարհում), տեսականիների, սպառման ծավալների և այլ տվյալների մասին: Ներկայացվեցին «Nestle», «Roshen» և աշխարհահռչակ այլ ընկերությունների վերաբերյալ ուշագրավ տեղեկություններ, առանձնահատուկ անդրադարձ եղավ հայրենական «Grand candy» ընկերության արտադրությանը, մասնավորապես, շոկոլադի ապրանքատեսականուն: Ուսանողներն իրականացրել էին նաև սոցիալական հարցումներ՝ պարզելու , թե ինչ շոկոլադ են նախընտրում մարդիկ, շոկոլադ ընտրելիս ինչ հանգամանքների են ուշադրություն դարձնում (համ, հոտ, տեսք, փաթեթավորում,որակ, գին), ովքեր են շոկոլադի հիմնական սպառողները (տարիք, սեռ ) և այլն:
Հետաքրքիր է, որ ըստ ուսանողների իրականացրած հարցման՝ շոկոլադ գնելիս մարդկանց զգալի մասը (Հայաստանում) կարևորում է համը, ապա՝ բույրը, երկրորդային կարևորություն ունեն փաթեթավորումը, տեսքը: Հետազոտողները ներկայացրեցին նաև իրենց առաջարկությունները՝ շոկոլադի արտադրությունը և ծավալները խթանելու նպատակով:
Դասի ավարտին Մարինե Նիկողոսյանը գոհունակություն հայտնեց և նշեց, որ ուսանողները ներկայացրեցին իրենց հետազոտության մի փոքրիկ հատվածը միայն, մինչդեռ իրականացրել են բավականին ընդգրկուն և խորը վերլուծություններ:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի զրույցում դասախոսը նշեց, որ նմանատիպ հետազոտություններն ու դասերը շարունակական կլինեն. այս մոտեցումն ուսանողներին խրախուսելու մի ձև էր և նրանց համար որևէ ոլորտում ուսումնասիրություն կատարելու ուսուցողական օրինակ:
Վերջում բանախոսները ներկաներին հյուրասիրեցին տարբեր ապրանքանիշերի շոկոլադե սալիկներ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին