ՀՊՏՀ մարքեթինգի ամբիոնը ներկայացրեց կատարված աշխատանքը

Դիտումների քանակ՝ 1257

ՀՊՏՀ նիստերի սրահում այսօր տեղի ունեցավ  մարքեթինգի ամբիոնի` 2011-2012 թվականների ընթացքում կատարված աշխատանքների շնորհանդեսը, որին մասնակցում էին ռեկտոր Կորյուն Աթոյանը, պրոռեկտորները, ամբիոնի վարիչներ,  պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ:   «Մարքեթինգի ամբիոնը, որդեգրելով «Մենք փոխվում ենք» կարգախոսը,  իր գործունեությունը ծավալել է կատարվող բարեփոխումների ոգուն համապատասխան,  իրականացրել է նախագծեր և հասել որոշակի արդյունքի: Ես այսօր պատիվ ունեմ դրանք ձեզ ներկայացնելու»,- ասաց մարքեթինգի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Արարատ Զաքարյանը և տեղեկացրեց, որ ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի ջանքերով հրատարակվել են երեք ուսումնական ձեռնարկ, կրթական ու առարկայական ծրագրեր:

«Գինը մարքեթինգային համալիրում» ուսումնական ձեռնարկը ներկայացրեց հեղինակը` գիտության և արտաքին կապերի գծով պրոռեկտոր Գագիկ Վարդանյանը: Նա նշեց, որ այս գրքում  անդրադարձ է կատարվել գնի դերին ու նշանակությանը մարքեթինգային համալիրում, կարևորվել են գնագոյացման որոշումների վրա ազդող գործոնները, գնագոյացման մեթոդները ու ռազմավարական ծրագրերը:  Հեղինակի դիտարկմամբ` ուսումնական այս ձեռնարկն օգտակար  է տնտեսագիտական մասնագիտությամբ սովորող ուսանողների, մագիստրոսների, ասպիրանտների , դասախոսների,  ինչպես նաև գործարար աշխարհի համար:

Մարքեթինգի ամբիոնի դոցենտ Ռուզան Հաջոյանը ներկայացրեց իր և դոցենտ Մարինե Նիկողոսյանի հեղինակած` «Մարքեթինգը զբոսաշրջության ոլորտում»  ուսումնական ձեռնարկը: Նա նշեց, որ հեղինակները, փորձելով վեր հանել զբոսաշրջության ոլորտի մարքեթինգին առնչվող հիմնահարցերը,  անդրադարձել են  զբոսաշրջության և զբոսաշրջության մարքեթինգի առաջացման նախադրյալներին, պատմությանը, զբոսաշրջության տեսակներին,, այդ ոլորտում մարքեթինգի կիրառման գործիքակազմին, օրենսդրական հիմքերին, արդի վիճակին և զարգացման հեռանկարներին:

«Քաղաքական մարքեթինգ» ուսումնական ձեռնարկի մասին խոսեց հեղինակը` մարքեթինգի ամբիոնի ասիստենտ Նարեկ Ղուկասյանը; Վերջինիս ներկայացմամբ` ուսումնական ձեռնարկը  քաղաքականության ոլորտում մարքեթինգի դերի ու նշանակության, քաղաքական մարքեթինգի առաջացման գոյաբանական և հայեցակարգային հիմքերի, քաղաքական շուկայի ուսումնասիրման մարքեթինգային մոտեցումների,, քաղաքական շուկայում ապրանքային, գնային և առաջմղման ռազմավարությունների մասին է:

Լույս են ընծայված Մագիստրոսական կրթության «Մարքեթինգ»  մասնագիտության կրթական ծրագրերի հայեցակարգերը և մասնագիտացման մոդուլների առարկայական ծրագրերը (տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արարատ Զաքարյանի ընդհանուր խմբագրությամբ), որը ներկայացրեց ամբիոնի դոցենտ Արմեն Գրիգորյանը: Նա հատկանշեց, որ այս ծրագրերը գրվել են` հաշվի առնելով աշխարհի լավագույն և ճանաչված համալսարանների փորձը: Այստեղ ներառված են մարքեթինգ, մարքեթինգային հետազոտություններ, մարքեթինգային հաղորդակցություններ մասնագիտացումների մագիստրոսական ուսուցման կրթական ծրագրերը և մասնագիտացման մոդուլների առարկայական ծրագրերը` իրենց կառուցվածքով, նպատակներով, խնդիրներով: Այն նախատեսված է դասախոսների և մարքեթինգ մասնագիտության մագիստրանտների համար:

Ամբիոնի վարիչ Արարատ Զաքարյանը նշեց, որ հրատարակել են նաև «Մարքեթինգի հիմունքներ» դասընթացի  ծրագիր` ՀՊՏՀ-ի ոչ մասնագիտական խմբերի բակալավրական ուսուցման ծրագիր:

Ներկայացված հրատարակությունների շուրջ ծավալվեց կառուցողական քննարկում:

Մարքեթինգի ամբիոնի կատարված ծավալուն աշխատանքը բարձր գնահատեցին պրոռեկտոր Պարույր Քալանթարյանը,  ռեկտոր Կորյուն Աթոյանը։ Նա նշեց, որ կատարվել է ահռելի աշխատանք։ «Թող Ձեր այս աշխատանքը վարակիչ լինի նաև մյուսների համար։ Մենք էլ, ինչով հնարավոր է, կօգնենք, կաջակցենք ձեզ»,– հայտարարեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ ամփոփելով նաև ծավալված ակտիվ քննարկումը։

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին