Տեղի ունեցավ կառավարման ֆակուլտետի խորհրդի նիստը. դեկան Էդգար Ղազարյանը խոսեց արդյունքներից ու բացթողումներից

Դիտումների քանակ՝ 928

Այսօր ՀՊՏՀ հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի ընդլայնված նիստ, որին բացի ֆակուլտետի կազմի մեջ մտնող ամբիոնների գիտնական մանկավարժներից, մասնակցում էին նաև այլ ամբիոններից այս ֆակուլտետում դասավանդող դասախոսները: Օրակարգում ՀՊՏՀ կառավարման ֆակուլտետի 2011-2012 թթ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի արդյունքներն ու երկրորդ կիսամյակի խնդիրներն էին: Զեկուցումով հանդես եկավ ֆակուլտետի դեկան Էդգար Ղազարյանը:

«Ավարտվեց ուսումնական տարվա առաջին կիսամյակը: Շատերի համար  սովորական, սակայն ինձ համար այն յուրահատուկ էր,  դժվարին մի փորձաշրջան, որովհետև  առաջին անգամ որպես դեկան  իմ դիտարկումները կատարեցի  ուսումնական կիսամյակի վերաբերյալ և այսօր պետք է դրանք ներկայացնեմ ձեր ուշադրությանը»,- սկսելով իր ելույթն` ասաց Էդգար Ղազարյանը: Դեկանի տեղեկացմամբ` ֆակուլտետն այսօր համալսարանում ամենամեծն է. այստեղ սովորում է 1957 ուսանող, որից 993-ը` առկա բակալավրիատում: Անդրադառնալով ուսման առաջադիմությանը` ֆակուլտետի ղեկավարն այն ներկայացրեց խորհրդի նիստի ուշադրությանը: Այսպիսով`  առկա բակալավրիատում առաջադիմությունը կազմել է 73, 4, առկա մագիստրատուրայում` 78,5, հեռակա մագիստրատուրայում` 63,6: Ֆակուլտետի բոլոր կրթաձևերում միայն A  ցուցանիշով սովորում է 236 ուսանող, որից 117-ը` առկա բակալավրիատում:

  Այնուհետև Էդգար Ղազարյանը խոսեց ուսումնական գործընթացում տեղ գտած թերությունների ու բացթողումների մասին և այս առնչությամբ հայտնեց իր մտահոգությունը: Դեկանին մասնավորապես անհանգստացնում են  բացակայությունների մեծ թվաքանակը, խմբային դասաձախողումները, դասախոսների ծանրաբեռնվածության նշված ժամաքանակի թերակատարումը, ակտիվության գնահատականի բացակայությունը մատյաններում,  ուսումնական գործընթացի ձախողումը, ուսման վարձի հավաքագրման անբավարար մակարդակը, բակալավրիատի 4-րդ կուրսի ուսանողների փորձաշրջանի անարդյունավետ կազմակերպումը: Նա հոդորեց պրոֆեսորդասախոսական կազմի անդամներին, ֆակուլտետի աշխատակիցներին, որ գործուն մասնակցություն ունենան նշված թերությունների վերացման գործում:

Խոսելով առաջիկա անելիքների ու խնդիրների մասին, ֆակուլտետի դեկանն ասաց, որ առաջիկայում պետք է վերափոխվեն ուսումնական պլանները` մշակելով միասնական ձև, ճիշտ կազմակերպվեն ընտրովի դասընթացները, անցկացվի արդյունավետ փորձառություն  և պետական ավարտական քննությունները կազմակերպվեն` համաձայն գործող նոր կարգի:

Էդգար Ղազարյանը տեղեկացրեց նաև, որ համաձայն գործող աշխատանքային օրենսդրության պահանջների, ամբիոններում հիմնական աշխատող դասախոսների աշխատաժամանակը սկսվում է ժամը 9.00-ին և ավարտվում 17.30-ին, հետևաբար բոլորն այս ժամերին պետք է բուհում լինեն և արտալսարանային աշխատանք կատարեն:

Վերջում դեկանը պատասխանեց ներկաներին հուզող հարցերին:

 ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին