Բարի' երթ. ՀՊՏՀ-ում դիպլոմներ են ստանում հեռակա մագիստրատուրայի շրջանավարտները
«Բանկային գործ» մասնագիտության 2016թ. շրջանավարտների համար օրը տոնական է. այսօր նրանք ստացան ավարտական վկայականները՝ դիպլոմները:
Շրջանավարտներին բարեմաղթանքներ հղեց բանկային գործի և ապահովագրության ամբիոնի ղեկավար Աննա Ասլանյանը:
ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը մասնակից դարձավ շրջանավարտների ուրախությանը, շնորհավորեց ու զրուցեց նրանց հետ՝ արձանագրելով տոնական տրամադրությունները:
Գևորգ Սարգսյանն արժանացել է գերազանցության դիպլոմի, այժմ ՀՊՏՀ հայցորդ է:
«Հետաքրքրվում եմ բանկային ոլորտով, աշխատում եմ «Հայբիզնեսբանկում»՝ որպես վարկային մասնագետ և աշխատանքն ու մագիստրոսական ուսումը համատեղել եմ: Շատ գոհ եմ ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմից, նրանց տված գիտելիքներից»,-ասաց շրջանավարտն ու հպարտորեն հավելեց, որ զբաղվում է գիտական աշխատանքով՝ հայցորդ է և ցանկանում է համալրել հարազատ բուհի դասախոսական անձնակազմը:
Տաթև Սարգսյանն իր երախտագիտությունն է հայտնում ՀՊՏՀ-ին՝ «ուսանողական լեցուն տարիների համար»: Այստեղ նա ստացել է նաև բակալավրական կրթություն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՊՏՀ-ում փետրվարի 13-ից մեկնարկել է ՀՊՏՀ հեռակա ուսուցման մագիստրատուրայի 2016թ. շրջանավարտներին ավարտական վկայականների (դիպլոմների) հանձնման գործընթացը:
Մասնագիտական կայուն ճանապարհ և առաջընթաց ձեզ, սիրելի շրջանավարտներ:
Բարի' երթ:
ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին