ՈՐՔԱՆՈ՞Վ Է ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎ ՈՒ ԱՆՎՏԱՆԳ
ՈՐՔԱՆՈ՞Վ Է ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎ ՈՒ ԱՆՎՏԱՆԳ
Զբոսաշրջության աճի տեմպերին զուգահեռ խնդիր է առաջանում ապահովելու զբոսաշրջիկների ապահովության և անվտանգության մակարդակը: Հատկապես վերջին տասնամյակներում տեղի ունեցող ահաբեկչական ակտերը, պատերազմները, քաղաքական կոնֆլիկտները, քաղաքացիական պատերազմները, հեղափոխությունները, համաճարակները, բնական աղետները ավելի են սրում զբոսաշրջիկների անվտանգության ապահովման անհրաժեշտությունը՝ այն դարձնելով գլոբալ մարտահրավեր բոլոր երկրների համար: Ապահովության և անվտանգության մակարդակը տվյալ երկրում ազդում է զբոսաշրջության որակի, զբոսաշրջիկների բավարարվածության աստիճանի, տվյալ դեստինացիա կրկին վերադառնալու կամ ուրիշներին խորհուրդ տալու հանգամանքի վրա:
1996թ. Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության կողմից հրատարակվեց «Զբոսաշրջիկի ապահովություն և անվտանգություն. Գործնական լուծումներ դեստինացիաների համար» գիրքը: Ըստ դրա՝ զբոսաշրջության ապահովության և անվտանգության պլանավորման համար պետք է հաշվի առնել հետևյալ ոլորտներում առաջացող ռիսկերը.
ü մարդկային և ինստիտուցիոնալ միջավայրը զբոսաշրջության ոլորտից դուրս, այս դեպքում այցելուները կարող են զոհ դառնալ հետևյալ միջադեպերին՝ ընդհանուր հանցագործություն (գողություն, հափշտակություն, խարդախություն), նպատակային բռնություն (ոտնձգություն, բռնաբարություն), կազմակերպված հանցավորություն (հարկադրանք, սպառնալիք, կանանց ստիպողաբար մարմնավաճառություն), ահաբեկչություն, պատերազմներ, սոցիալական կոնֆլիկտներ, քաղաքական և կրոնական անկարգություններ, հանրային և ինստիտուցիոնալ պաշտպանվածության և այլ համապատասխան ծառայությունների բացակայություն,
ü զբոսաշրջության և դրան վերաբերող ոլորտները` տրանսպորտ, սպորտ, մանրածախ առևտուր և այլն, պետք է պատասխանատվություն կրեն այցելուների անձնական անվտանգության համար կապված զբոսաշրջային հաստատություններում անվտանգության ստանդարտների դեֆեկտների (հրդեհ, շինարարական սխալ, հակասեյսմիկ պաշտպանության բացակայություն), սանիտարական մաքրության, այդ վայրերում հանցագործության, անձնակազմների գործադուլների, պայմանագրերի չկատարման և այլնի հետ,
ü անհատ ճամփորդողը (անձնական ռիսկեր) – զբոսաշրջիկներն իրենք կարող են իրենց անձնական անվտանգության հետ կապված խնդիրներ առաջացնել կապված ժամանցային կամ սպորտային գործողություններում վտանգավոր գործելակերպի, տեղի բնակչության կամ օրենքների նկատմամբ անհարգալից և հակասական վարքագիծ դրսևորելու, քրեական գործունեության (թմրանյութեր, թրաֆիքինգ), անձնական հիվանդությունների սրման, վտանգավոր վայրեր այցելության, անուշադրության հետևանքով անձնական իրերը և փաստաթղթերը կորցնելու հետ,
ü ֆիզիկական կամ բնապահպանական ռիսկեր (բնական, կլիմայական, համաճարակաբանական), որոնք առաջանում են, երբ զբոսաշրջիկներն անտեղյակ են դեստինացիայի բնության բնութագրիչներից, օրինակ ֆլորայից և ֆաունայից, բժշկական տեսանկյունից պատվաստված չեն համապատասխան պատվաստանյութերով, հիգիենիկ չեն վարվում ուտելիս, ենթարկվում են արտակարգ իրավիճակների՝ բնական աղետներ, համաճարակներ, որոնք առաջանում են ֆիզիկական միջավայրից:
Զբոսաշրջիկների անվտանգության ապահովման համար պատասխանատու են տվյալ երկրի պետական համապատասխան մարմինները, զբոսաշրջային կազմակերպությունները և իհարկե զբոսաշրջիկները:
Ըստ 2003թ. ընդունված «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքի հոդված 5-ի՝ զբոսաշրջության ոլորտում պետական քաղաքականությունն իրականացվում է զբոսաշրջիկների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության, ինչպես նաև նրանց անվտանգությունն ապահովելու միջոցառումների իրականացման միջոցով: Օրենքի 17-րդ հոդվածում նշվում է նաև, որ զբոսաշրջիկն իրավունք ունի անձնական անվտանգության, կյանքի, առողջության, սպառողի իրավունքների և գույքի պաշտպանության: Ըստ նույն օրենքի 21-րդ հոդվածի՝ զբոսաշրջային գործունեության սուբյեկտները մշակում են միջոցառումներ` իրենց կազմակերպած զբոսաշրջային ճանապարհորդություններին, արշավներին, էքսկուրսիաներին և այլ միջոցառումներին մասնակցող զբոսաշրջիկների անվտանգության ապահովման, վնասվածքների և դժբախտ պատահարների կանխարգելման համար: Զբոսաշրջային գործունեության սուբյեկտները պարտավոր են պետական համապատասխան մարմիններին անհապաղ տեղյակ պահել զբոսաշրջիկների հետ տեղի ունեցած արտակարգ պատահարների մասին:
Որոշ երկրներում կա առանձնացված զբոսաշրջության ոստիկանություն (օրինակ՝ Թաիլանդում, Բանգլադեշում, Մալազիայում), որը զբաղվում է երկիր այցելող զբոսաշրջիկների անվտանգության ապահովման, զբոսաշրջիկների դեմ կազմակերպված հանցագործությունների բացահայտման, նրանց իրավական շահերի պաշտպանության հարցերով:
Ըստ 2017թ. զբոսաշրջության մրցունակության զեկույցի՝ ամենաապահով ու անվտանգ երկրներն են համարվել Ֆինլանդիան, ԱՄԷ-ն և Իսլանդիան: Հայաստանը զբաղեցրել է 34-րդ տեղը: Վերջին 10 հորիզոնականները զբաղեցրել են՝ Ուկրաինան, Հոնդուրասը, Քենիան, Եգիպտոսը, Վենեսուելան, Նիգերիան, Պակիստանը, Սալվադորը, Եմենը, Կոլումբիան:
Հայաստանի ապահովություն և անվտանգություն ենթահիմնասյունը կազմող տարրերն են՝
- Հանցագործության և բռնության բիզնեսի ծախսերը (այսինքն թե որքանով են դրանք ազդել բիզնեսի ծախսերի վրա) – 27-րդ տեղ (5,4 միավոր),
- Ոստիկանական ծառայությունների հուսալիությունը – 66-րդ տեղ (4,4 միավոր),
- Ահաբեկչության բիզնեսի ծախսերը – 33-րդ տեղ (5,8 միավոր),
- Ահաբեկչության դեպքերի ինդեքսը – 57-րդ տեղ (7,0 միավոր),
- Սպանությունների մակարդակը (100.000 բնակչ.) – 56-րդ տեղ (2,0 միավոր):
Իսկ ինչպե՞ս են զբոսաշրջիկները մինչև ճամփորդելը տեղեկատվություն ստանում տվյալ վայրի անվտանգ լինելու վերաբերյալ: Բնականաբար հնարավոր տեղեկատվական աղբյուրներ կարող են լինել զբոսաշրջային գործակալությունները, տվյալ երկրում այցելության երկրի դեսպանատները, և իհարկե համացանցը: Շատ հաճախ տարբեր կայքերում կարդալով այլ զբոսաշրջիկների տպավորությունները՝ մարդիկ պատկերացում են կազմում տվյալ երկրի անվտանգության աստիճանի մասին, ինչը բնականաբար կարող է նաև խաբուսիկ լինել: Զբոսաշրջիկները կարող են ապահովության մասին պատկերացում կազմել՝ ուսումնասիրելով այցելության երկրում հանցագործությունների, ահաբեկչությունների վիճակագրությունը:
Զբոսաշրջիկների համար առավել վտանգավոր կարող են համարվել այն երկրները, որտեղ ահաբեկչության մակարդակը մեծ է: Խոշոր ահաբեկչական ակտերից են՝ 1997թ. Եգիպտոսի Լուքսոր քաղաքում Դեյր Էլ-Բահարիի հնագիտական վայրում 62 զբոսաշրջիկների զանգվածային սպանությունը Եգիպտոսի իսլամական ահաբեկչական խմբավորումների կողմից, 2005թ. Շարմ Էլ Շեյխում ռմբակոծությունների հետևանքով 88 մարդու սպանությունը, 2019թ. ապրիլի 21-ին Շրի Լանկայի Կոլոմբո, Նեգոմբո և Բատիկալոա քաղաքներում կաթոլիկ եկեղեցիներում զատկի պատարագի ժամանակ և հյուրանոցներում տեղի ունեցած 8 պայթյունները, որի հետևանքով 320-ից ավելի մարդ է զոհվել (այդ թվում՝ 39 զբոսաշրջիկ), 520-ը՝ վիրավորվել (այդ թվում՝ 28 զբոսաշրջիկ): Ընդ որում կանխատեսվում է, որ Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության սցենարը կարող է կրկնվել այլ վայրերում, ու զբոսաշրջային հոսքը մեծ է՝ Հնդկաստանում, Մալդիվներում, Քենիայի և Թանզանիայի զբոսաշրջային հատվածներում:
2017թ. ահաբեկչությունների թիվն աշխարհում կազմել է 10900, որից Իրաքում՝ 2466, Աֆղանստանում՝ 1414, Հնդկաստանում՝ 966, ԱՄՆ-ում՝ 65: Ի դեպ ամենաշատը կազմել է 2014թ.՝ աշխարհում՝ 16903, որից Իրաքում՝ 3933, Աֆղանստանում՝ 1824, Հնդկաստանում՝ 860, ԱՄՆ-ում՝ 29: Վերջին տարիներին կատարված խոշոր ահաբեկչական ակտերի կազմակերպիչներից են՝ Ալ-Կաիդան, Ալ-Շաբաբը, Թալիբանը, Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը:
Զբոսաշրջիկները կարող են դառնալ ահաբեկչության զոհ, իսկ երբեմն նաև ահաբեկիչները մուտք են գործում այդ երկիր կամ որպես զբոսաշրջիկ, կամ որպես միգրանտ: Այստեղ արդեն խնդիրը համապատասխան միգրացիոն քաղաքականության կամ զբոսաշրջային մուտքի ռեժիմների դյուրացման/ազատականացման հարցն է:
Օտարերկրյա քաղաքացին կարող է մուտք գործել Հայաստան վավերական անձնագրի առկայության, մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակը հաստատող փաստաթղթի հիման վրա և սահմանային հսկողությունն իրականացնող մարմնի թույլտվության դեպքում:
Հայաստան մուտքի վիզայի տեսակներն են` այցելության մուտքի վիզա, պաշտոնական մուտքի վիզա, դիվանագիտական մուտքի վիզա, տարանցիկ մուտքի վիզա: Ըստ «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի հոդված 8-ի՝ օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում կամ մուտքը ՀՀ արգելվում է, եթե՝
ա) նա արտաքսվել է ՀՀ տարածքից կամ զրկվել է կացության կարգավիճակից, և արտաքսման կամ կացության կարգավիճակից զրկելու մասին որոշման ուժի մեջ մտնելու պահից չի անցել երեք տարի,
բ) նա սույն օրենքը խախտելու համար ենթարկվել է վարչական պատասխանատվության և չի կատարել վարչական ակտով իր վրա դրված պարտականությունը, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական պատասխանատվության ենթարկվելու պահից անցել է մեկ տարի,
գ) գոյություն ունեն հավաստի տվյալներ, որ նա իրականացնում է այնպիսի գործունեություն, մասնակցում, կազմակերպում կամ հանդիսանում է այնպիսի կազմակերպության անդամ, որի նպատակն է՝
- վնաս պատճառել ՀՀ պետական անվտանգությանը, տապալել սահմանադրական կարգը, թուլացնել պաշտպանունակությունը,
- իրականացնել ահաբեկչական գործունեություն,
- սահմանով ապօրինաբար (առանց համապատասխան թույլտվության) տեղափոխել զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, ռադիոակտիվ նյութեր, թմրանյութեր, հոգեներգործուն նյութեր կամ,
- իրականացրել է մարդկանց առևտուր (թրաֆիքինգ) և (կամ) անօրինական սահմանահատումներ,
դ) նա տառապում է վարակիչ հիվանդությամբ, որը սպառնում է բնակչության առողջությանը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա մուտք է գործում ՀՀ՝ նման հիվանդությունը բուժելու նպատակով: Այդ վարակիչ հիվանդությունների ցանկը սահմանում է ՀՀ կառավարությունը,
ե) նա մուտքի թույլտվություն հայցելիս ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ կամ չի ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթեր, կամ գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա մուտքը կամ գտնվելը ՀՀ-ում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը, կամ
զ) գոյություն ունեն նրա կողմից ՀՀ պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին այլ լուրջ և հիմնավոր սպառնալիքներ:
Օտարերկրացուն մուտքի վիզայի տրամադրումը (ժամկետի երկարաձգումը) կարող է մերժվել, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած ճանաչվել կամ մուտքը ՀՀ արգելվել, եթե նա դատապարտվել է Հայաստանի Հանրապետությունում ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով չի հանվել կամ մարվել:
Այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է ՀՀ ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, Հայաստանում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով, մեկ տարվա ընթացքում, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ:
ՀՀ-ում օտարերկրացիների համար սահմանվում են կացության հետևյալ կարգավիճակները` ժամանակավոր, մշտական, հատուկ:
2018թ. ՀՀ ժամանել է 3757168 մարդ, որի 57%-ը եղել է ՀՀ փաստաթղթերով: Ժամանողներից զբոսաշրջիկ համարվել է մոտ 44%-ը:
Աղյուսակ 2. ՀՀ սահմանային գրանցումներն ըստ ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերի և ելքերի (ըստ ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգով ստացված տվյալների) և զբոսաշրջիկների թվաքանակը
Ըստ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության վարչական ռեգիստրի հիման վրա ներկայացված պետական վիճակագրական հաշվետվության տվյալների՝ 2018թ. երկրորդ կիսամյակում ՀՀ-ում ապաստան հայցող անձանց թիվը կազմել է 110 մարդ, որից՝ 44-ը Իրանից, 12-ը՝ Աֆղանստանից, 11-ը՝ Իրաքից, 10-ը՝ Սիրիայից:
2018թ. փախստականի կարգավիճակ է շնորհվել 72 անձի (26-ը՝ Իրաքից, 21-ը՝ Սիրիայից, 16-ը՝ Եմենից), կացության կարգավիճակ է շնորհվել 7145 անձի (5435 անձի՝ ժամանակավոր, 1710 անձի՝ մշտական), որից 1907-ը Հնդկաստանից են, 1135-ը՝ ՌԴ-ից, 1130-ը՝ Իրանից, 366-ը՝ Իրաքից, 314-ը՝ Ուկրաինայից, 284-՝ը Չինաստանից, 246-ը՝ ԱՄՆ-ից, 243-ը՝ Վրաստանից, 191-ը՝ Սիրիայից, 129-ը՝ Լիբանանից:
ՀՀ-ում 45 երկրի քաղաքացիներ միակողմանիորեն ազատված են ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից: Փոխադարձության սկզբունքով 62 պետությունների քաղաքացիներ ազատված են ՀՀ մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից, որոնց մեջ միայն Ադրբեջանը, Ալբանիան, Արգենտինան, Բելառուսը, Բրազիլիան, Իրանը, Հոնկոնգը, Ղազախստանը, Ղրղզստանը, Մակաոն, Մոլդովան, Ռուսաստանը, Վրաստանը, Տաջիսկտանը, Ուզբեկստանը, Ուկրաինան, Ուրուգվայն են բոլոր տեսակի անձնագրերի համար ազատված մուտքի վիզայի ձեռքբերման պահանջից:
Բնականաբար զբոսաշրջության զարգացման համար առավել կարևորվում է վիզային ռեժիմների ազատականացումը: Սակայն մյուս կողմից դա ևս կարող է խնդիրներ առաջացնել: Վերջին տարիներին աճել է նաև ՀՀ կացության կարգավիճակ ստացած օտարերկրացիների թիվը, հատկապես՝ Հնդկաստանի քաղաքացիների թիվը (օրինակ՝ 2017թ. 938 էր, 2018թ.՝ 1907):
Ահաբեկչության առումով առավել վտանգավոր է օրինակ Եվրոպական երկրներում, որտեղ շատ են միգրանտներն այլ երկրներից: Չնայած Հայաստանը համարվում է ապահով և անվտանգ երկիր, այստեղ ահաբեկչական ակտեր չեն կատարվում, սակայն պետք է վարել զգույշ միգրացիոն և վիզային քաղաքականություն:
Հեղինակի այլ նյութերը
Վերլուծականներ
- Հայաստանի և Արցախի գաստրոքարտեզը որպես զբոսաշրջային մարքեթինգի բաղադրիչ
- Ինչպիսի՞ն պետք է լինի Երևանի բրենդը զբոսաշրջիկներին գրավելու և քաղաքային զբոսաշրջությունը զարգացնելու համար
- Ինչպե՞ս է հեղափոխությունն ազդել զբոսաշրջության վրա
- Զբոսաշրջության ազդեցությունը դրակա՞ն է, թե՞ բացասական. Կայուն զբոսաշրջության անհրաժեշտությունը
- Գաստրոզբոսաշրջությունը որպես ՀՀ զբոսաշրջային ներուժային ուղղություն
- Զբոսաշրջության զարգացման միտումներն աշխարհում. Ինչպիսի՞ն կլինեն ապագա զբոսաշրջիկները
- Առողջարանային քաղաք Ջերմուկը և Ամուլսարը
- Խելացի քաղաքների դերը զբոսաշրջության զարգացման մեջ
- Չինաստանը որպես նպատակային զբոսաշրջային շուկա Հայաստանի համար
- Հեղափոխական զբոսաշրջություն. Նոր հնարավորությո՞ւն Հայաստանի համար
- Ինչպիսի՞ն էր ՀՀ զբոսաշրջության ոլորտը 2017 թվականին
- Հայաստանը՝ գիտության երկիր. գիտական զբոսաշրջությունը Հայաստանում
- Զբոսաշրջության մրցունակությամբ Հայաստանը 84-րդն է աշխարհում
- Ովքե՞ր են ՀՀ ներգնա զբոսաշրջինկերը, որտե՞ղ են նրանք հանգրվանում և որքա՞ն գումար են ծախսում
- Հոսթել՝ գործում է դե ֆակտո, բայց ոչ դե յուրե
Հետազոտություններ
Ոլորտային ամփոփագրեր