Հայաստանի և Արցախի գաստրոքարտեզը որպես զբոսաշրջային մարքեթինգի բաղադրիչ

Գայանե Թովմասյան
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի
ավագ հետազոտող, տ.գ.թ.

Հայաստանն ունի հարուստ և համեղ խոհանոց, բազում ազգային, ավանդական ճաշատեսակներ, որոնք կարող են գրավել ինչպես տեղաբնակներին, այնպես էլ Հայաստան ժամանող զբոսաշրջիկներին: ՀՀ-ում գաստրոզբոսաշրջության զարգացման ներուժի մասին արդեն խոսել ենք նախորդ վերլուծականներից մեկում՝ մատնանշելով մի շարք առաջնային քայլեր, ուստի սույն վերլուծականում կանդրադառնանք ՀՀ մարզերի, Երևանի, ինչպես նաև Արցախի հիմնական ազգային ավանդական կերակրատեսակներին*, որոնք կարող են օգտագործվել գաստրոնոմիական զբոսաշրջային առաջարկ մշակելու համար: Այդ կերակրատեսակները պատկերել ենք Հայաստանի և Արցախի քարտեզի վրա**, ինչը կարող է օգտագործվել որպես զբոսաշրջային մարքեթինգի բացադրիչ: Այս դեպքում զբոսաշրջիկը տեսնում է, թե որ մարզում ինչ կարող է համտեսել:

Նկար 1. Հայաստանի և Արցախի գաստրոնոմիական քարտեզ (մշակվել է հեղինակի կողմից)

Շիրակի մարզում առավել հայտնի են հետևյալ ուտելիքները.

  • Տավարի քյալա, ինչը հորթի գլուխն է, որի պոզերը հեռացնելուց հետո 7-8 ժամ եփում են փռի մեջ,
  • Խանգյալ (թաթար բորակի), երբ խմորը կտրատում են փոքր կտորների, եփում եռացրած աղաջրի մեջ, ուտում սխտորած մածնով,
  • Պասուց տոլմա,
  • Հարիսա:

Լոռվա մարզի առավել հայտնի ավանդական ճաշատեսակներն են.

  • Լոռվա բորանի, ինչը ներառում է գառան փափկամիս, սմբուկ, սխտոր, ընկույզ, կանաչի, նռան հատիկներ, յուղ,
  • Խաշիլ, երբ փոխինձը եփում են, վրան ավելացնում յուղ և չորաթան,
  • Ավելուկի աղցան,
  • Պանիր և դրանով պատրաստված կերակուրներ, օրինակ՝ թել պանրով ձվածեղ (Եղ ու ջիլ):

Տավուշի մարզի առավել հայտնի ավանդական ճաշատեսակներն են.

  • ·Տավուշի բորանի, որի հիմնական բաղադրիչներն են՝ շոգեխաշած տավարի միս՝ համեմված սև սալորաչրով, շագանակով և սոխառածով,
  • Քաշիկա, որը հարիսայի տարատեսակ է, պատրաստվում է առանց խառնելու,
  • Սալի (թխվածքի տեսակ):

Արագածոտնի մարզը հայտնի է իր Արիշտայով, թոնրի լավաշով, Աշտարակի շարոցով (սուջուխ), Արագածոտնի հագանիով (հավ, կարմիր տաքդեղ, չորաթան, սխտոր, ընկույզ), տժվժիկով և իհարկե արևահամ ծիրանով:

Արմավիրի մարզի առավել հայտնի ավանդական ճաշատեսակներն են.

  • Տապակա Արմավիր, որի բաղադրիչներն են՝ ալյուր, աղ, նեխուր, համեմունք, կարագ, կանաչի, սմբուկ, լոլիկ, տավարի միս, գինի,
  • Էջմիածնի լցոնած կոլոլակ (իշլի քյուֆթա):

Արարատի մարզի առավել հայտնի ճաշատեսակներն են.

  • Այլազան, որի բաղադրիչներն են՝ սմբուկ, սոխ, արևածաղկի յուղ, կանաչ պղպեղ, կանաչ լոբի, լոլիկ, աղ, սամիթ, մաղադանոս,
  • Արարատյան հագանի, որի բաղադրիչներն են՝ տավարի միս, կանաչ և գլուխ սոխ, սմբուկի, լոլիկի, պղպեղի տապակած խյուս, ձեթ, կոնյակ, աղ, կարագ, թթվասեր,
  • Տապակա Արարատ, որի բաղադրիչներն են՝ հորթի միս, բրինձ, սալորի և ծիրանի չիր, կարագ, սերուցք, զաֆրան, կոնյակ, բուսայուղ, չոր լավաշ, աղ, պղպեղ,
  • Հալվա:

Կոտայքի մարզի առավել հայտնի ավանդական ճաշատեսակներն են.

  • ·Գառնի յարախ, որի համար մանր կտրատած սոխը, աղացած միսը համեմունքներով տապակում են, սմբուկը կեղևազրկում, երկարությամբ կիսում, ներսի հատվածը հանում, տապակում, կտրած մասի վրա լցնում տապակած միսն ու եփած լոլիկ, ու դա դնում ջեռոցում՝ վրան ավելացնելով պանիր,
  • Գեղարդի գաթա:

Վայոց Ձորը հայտնի է իր քյալագյոշով (կտրատած լավաշի վրա լցնում են տաք մածնի ապուր, խաշած քամած ոսպ, սոխեռած), ղավուրմայով, Վայքի քարշմով ճաշով (քարշմը վայրի բույս է, եփում են ոսպով, ընկույզով, ծիտրոնով) և իհարկե գինով ու հանքային ջրերով:

Գեղարքունիքի առավել հայտնի ճաշատեսակներից են Վարդենիսի և Գավառի քյուֆթան, Գավառի փախլավան և իհարկե իշխան ու սիգ ձկնատեսակներով պատրաստված ուտելիքները:

Սյունիքի առավել հայտնի ճաշատեսակներից են.

  • ·Ղազղանի խորոված, որի բաղադրիչներն են տավարի փափուկ միսը, սալորաչիրն ու խնձորը,
  • Կոլոնդրակ, որը պատրաստում են դոշաբով և մեղրով շաղախված փոխնձից, լցոնում ծիրանաչրի և սալորաչրի մեջ,
  • Խաշնտուր, որի բաղադրիչներն են՝ ոչխարի խաշած միս, դդում, սոխ, արևածաղկի ձեթ, լոլիկ, աղ, համեմունքներ, կանաչի, չորացրած դդում,
  • Գորիսի տապակա, որի բաղադրիչներն են՝ գառան միս, կարտոֆիլ, լոլիկ, պղպեղ, սոխ, խնձոր, համեմունք,
  • Գորիսի թանավ (եփած մածնով կերակուր),
  • Սիսիանի գառան խաշլամա,
  • Սիսիանի բոզբաշ (ոչխարի յուղոտ կրծքամսով, բանջարեղենով ու մրգերով ապուր),
  • Ղափամա:

Արցախի առավել հայտնի ազգային ճաշատեսակներն են.

  • Ժենգյալով հաց,
  • Խոխոբ, որի բաղադրիչներն են՝ հավի կամ ոչխարի միս, գլուխ սոխ, նռան հատիկներ, կարագ, համեմունքներ,
  • Կորկոտ (երբ աղացած ձավարն ու խոզի յուղոտ միսը աղով և ջրով եփում են 6-7 ժամ),
  • Կոլոնդրակ կամ ձնագնդիկ (բաղադրիչներն են՝ փոխինձ, մեղր, չիր):

Երևանյան ավանդական ուտելիք է տոլման, Էրեբունին, որի համար աղացած տավարի միսը և սոխը եփում են, տապակած կարտոֆիլ լցնում վրան, և ձվով եփում մի քանի րոպե: Նշենք նաև, որ ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի ռեստորաններում կարելի է համտեսել նաև շատ հայտնի ամառային բանջարեղենային աղցան, խորոված, խաշ, խաշլամա, կեր ու սուս, և այլն:

Իհարկե, մարզերի ազգային, ավանդական շատ կերակուրներ համատարած ճանաչում չունեն, կամ ոչ բոլոր ռեստորաններում կարելի է դրանք համտեսել, ուստի այս ուղղությամբ ևս աշխատանքներ պետք է կատարվեն և Հայաստանը կարող է դառնալ գաստրոզբոսաշրջության պահանջված ուղղություն զբոսաշրջիկների համար: Գաստրոքարտեզի հիման վրա պետք է մշակվեն գաստրոզբոսաշրջային երթուղիներ: Բնականաբար գաստրոքարտեզը ավելի տեսանելի ու գրավիչ կդարձնի հայկական խոհանոցը զբոսաշրջիկների համար և այն պետք է կիրառել մարքեթինգային միջոցառումների ժամանակ՝ զբոսաշրջիկներ ներգրավելու համար: Գաստրոքարտեզը պետք է ներառել ինչպես Հայաստանի, այնպես էլ հայկական խոհանացի մասին գովազդային տեղեկատվական գրքույկներում՝ հակիրճ ներկայացնելով նաև կերակուրների բաղադրատոմսերը և հիմնական ռեստորանները, որտեղ կարելի է համտեսել հայկական խոհանոցի ուտելիքները։

Ապրիլ, 2019

* Խորին շնորհակալություն Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման ՀԿ-ի նախագահ, <<Սեդրակ Մամուլյան>> խոհարարական ստուդիայի ղեկավար պարոն Սեդրակ Մամուլյանին՝ ազգային խոհանոցի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվության համար:
** Հայաստանի և Արցախի քարտեզը ներբեռնվել է http://map-armenia.com/ կայքից, իսկ ուտելիքների նկարները՝ համացանցային տարբեր աղբյուրներից:

Հեղինակի այլ նյութերը

Վերլուծականներ

Հետազոտություններ

Ոլորտային ամփոփագրեր