«Ամբերդի» փոխտնօրենը՝ Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մշակութային ակադեմիայի հրավիրյալ պրոֆեսոր

Դիտումների քանակ՝ 3270

«Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մշակութային ակադեմիայի հրավերով ակադեմիական այցով Չինաստանի Սիան քաղաքում գտնվող ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի փոխտնօրեն-ավագ փորձագետ, ք.գ.դ. Վարդան Աթոյանին շնորհվել է հրավիրյալ պրոֆեսորի կոչում: Այս և այցի մանրամասների մասին asue.am-ին մանրամասներ հաղորդեց մեր գործընկերը:

««Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մշակութային ակադեմիայի կողմից շնորհված կոչումը անշուշտ պարտավորեցնող է: Իհարկե, անչափ ուրախ եմ Չինաստանի գործընկերների կողմից նման գնահատականի արժանանալու համար: Ինչ վերաբերում է ակադեմիային, ապա պետք է նշեմ, որ այն հիմնադրվել է 2018 թվականին Շենսիի մանկավարժական համալսարանի և Չինաստանի հասարակական գիտությունների համալսարանի կողմից: Այն դասական ուղեղային կենտրոն է, որը գործում է նման հաստատություններին բնորոշ ձևաչափով: Հաստատությունը գտնվում է պատմական «Մեծ մետաքսե ճանապարհի» մեկնակետ, Չինաստանի մի շարք կայսերական դինաստիաների իշխանության տարիներին մայրաքաղաքի կարգավիճակ ունեցած Սիան քաղաքում և սերտ համագործակցում է տարբեր հեղինակավոր կառույցների հետ, որոնց թվում են Շանհայի համագործակցության կազմակերպության քարտուղարությունը, UNESCO-ն, ՉԺՀ կառավարության Պետական խորհրդի զարգացման հետազոտական կենտրոնը, ՉԺՀ ԱԳՆ-ին կից գործող Չինաստանի միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտը և աշխարհի բազմաթիվ երկրների ճանաչված ուղեղային կենտրոններ: Այն նաև խորհրդատվություն է մատուցում որոշում կայացնողներին և պետական կառավարման մարմիններին»,- ասաց Վարդան Աթոյանը:

Նրա խոսքով, ակադեմիական այցի շրջանակներում քննարկվում են գիտակրթական ոլորտում համագործակցության, իրենց կառուցվածքում գործող Հարավային Կովկասի կենտրոնի զարգացման և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հետազոտական նախագծերի իրականացման հնարավորությունները: Հաջորդ տարվա համար ձեռք են բերվել նաև որոշ նախագծերի համատեղ իրականացման մասին նախնական պայմանավորվածություններ: «Բնականաբար, նման կապերը ՀՊՏՀ, այդ թվում՝ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի միջազգայնացման և հեղինակավոր գիտակրթական ցանցերին ինտեգրման առումով մեծ նշանակություն ունեն: Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին բավականին աշխատանքներ են տարվել այս, իմ կարծիքով, ռազմավարական ուղղությամբ: Այս գործընթացում Չինաստանի գործընկերների հետ ունեցած իմ ակադեմիական կապերը մշտապես փորձել եմ ինստիտուցիոնալացնել և ծառայեցնել մեր համալսարանի միջազգայնացման գործին: Պատահական չէ, որ վերջին տարիներին ՀՊՏՀ և Չինաստանի տարբեր գիտակրթական հաստատությունների միջև համագործակցության ակտիվացման ուղղությամբ էական տեղաշարժ է նկատվում և արդեն իսկ առկա են բավարար ինստիտուցիոնալ հիմքեր գործնական քայլերի իրականացման համար»,- ընդգծեց կենտրոնի փոխտնօրենը՝ առանձնացնելով. «2016 թ. դեկտեմբերին Շենսիի մանկավարժական համալսարանի և 2018-ի նոյեմբերին Հարբինի կոմերցիայի համալսարանի հետ ՀՊՏՀ կնքած համագործակցության հուշագրերը, 2017 թ. հունվարին Շենսիի մանկավարժական համալսարանի Կենտրոնական Ասիայի ինստիտուտի և ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի միջև կնքված համագործակցության հուշագիրը: Առանձնահատուկ պետք է ընդգծել աշխարհում լայն ճանաչում ունեցող հեղինակավոր հաստատություններից մեկի՝ Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսագիտության և քաղաքականության ինստիտուտի հետ այս տարվա մայիսին մեր համալսարանի կնքած համագործակցության հուշագիրը»: Փոխգործակցության շարքում պետք է հիշել, որ 2018 թ. ապրիլին ՉԺՀ դեսպանատան օժանդակությամբ ՀՊՏՀ-ում բացվել է նաև «Չինաստանի լսարան»: Բացի այդ, ինչպես անցյալ տարի, այնպես էլ՝ ընդամենը օրեր առաջ մեր համալսարան է այցելել Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի պատվիրությունը: Վերջին այցից հետո Չինաստանի հասարակական գիտությունների ակադեմիայի Ռուսաստանի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ինստիտուտի հետ ձեռք են բերվել հետագա համագործակցության վերաբերյալ մի շարք նախնական պայմանավորվածություններ և իրականացվում են աշխատանքներ, որոնց առարկայանալու դեպքում անպայման կտեղեկացնենք:

«Այս ուղղությամբ իրականացվող աշխատանքներից հարկ է նշել նաև, որ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնի հետ աշխատանքներ ենք տանում Լանչժոուի համալսարանի նախաձեռնությամբ և Չինաստանի կառավարության օժանդակությամբ 2015 թ. ստեղծված՝ ««Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համալսարանների ընկերակցությանը» մեր բուհի անդամակցման ուղղությամբ: Նշեմ, որ վերջինիս անդամակցում են Ասիան, Եվրոպան, Աֆրիկան և Ամերիկան ներկայացնող 25 երկրի թվով 126 համալսարաններ: Այս ընկերակցության նպատակն է «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» նախագիծն ընդգրկող երկրների միջև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում փոխանակումների և համագործակցության զարգացումը: Կազմակերպությունը նաև խնդիր է դրել ստեղծել համապատասխան հարթակ, որը թույլ է կտա համատեղ օգտագործել գիտական ռեսուրսները, ներդնել ուսանողների և գիտաշխատողների փոխանակումների կառուցակարգ, իրականացնել համատեղ հետազոտություններ, համակարգել նորարարական գործունեությունը և կրթել միջազգային մակարդակի մասնագետներ, որոնք կնպաստեն «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախագիծն ընդգրկող երկրների սոցիալ-տնտեսական զարգացմանը: Որքան ինձ հայտնի է Հայաստանի որևիցե բուհ այս ընկերակցությանը դեռևս չի անդամակցում: Կարծում եմ հաջողելու պարագայում ՀՊՏՀ-ականների համար վերոնշյալ ուղղություններով նոր հնարավորություններ նույնպես կբացվեն: Իմ համոզմամբ XXI դարում համալսարանների միջազգայնացումը, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ և Արևմուտք-Արևելք ուղղություններով ակադեմիական կապերի զարգացումը, փոխանակումները, համատեղ նախագծերն ու միջազգային ակադեմիական ցանցերին ինտեգրումը այլընտրանք չունեցող գործընթացներ են: Այս առումով թե՛ ներկայում, թե՛ նախորդող բոլոր ժամանակահատվածներում համալսարանի ղեկավարությունը մշտապես աջակցել է այս ուղղություններով իրականացվող աշխատանքներին: Վստահ եմ, որ անհատական և միասնական ջանքեր ներդնելու ու համակարգային մոտեցումներ ցուցաբերելու պարագայում՝ հնարավոր կլինի արդեն իսկ ձևավորված հիմքի վրա նոր հնարավորություններ բացահայտել և նոր լիցքեր հաղորդել համալսարանի միջազգայնացման գործընթացին»,- ամփոփեց Վարդան Աթոյանը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին