ՈՐՔԱ՞Ն ԶԲՈՍԱՇՐՋԻԿ ԿԳԱ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՌԱՋԻԿԱ ՏԱՐԻՆԵՐԻՆ
Որքա՞ն զբոսաշրջիկ կգա հայաստան առաջիկա տարիներին
Զբոսաշրջությունը ՀՀ-ում վերջին տարիներին դրսևորել է աճի միտումներ: Ըստ ՀՀ ՎԿ տվյալների՝ 2018թ. ՀՀ է ժամանել 1.651.782 զբոսաշրջիկ, իսկ ՀՀ-ից մեկնել է 1.622.791 զբոսաշրջիկ (գծապատկեր 1): Նախորդ տարվա համեմատ ժամանողների թվաքանակն աճել է 10.5%-ով: 2018թ. ժամանողների 21%-ը եղել են ՌԴ-ից, 13,9%-ը՝ ԱՄՆ-ից, 6,8%-ը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից, 6,4%-ը՝ Գերմանիայից, 5,2%-ը՝ Ֆրանսիայից, 2,3%-ը՝ Վրաստանից և այլն: 2018թ. Հայաստան ժամանող զբոսաշրջիկների 18,6%-ը հանգրվանել են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում (307473 զբոսաշրջիկ), իսկ մնացած 1344309-ը՝ բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում և այլն: Հյուրանոցային տնտեսության օբյեկտներում հանգրվանած զբոսաշրջիկների 48,8%-ն այցելել են հանգստի և ժամանցի, 27,3%-ինը՝ գործնական, 1,4%-ը՝ բուժման, 22,5%-ը՝ այլ նպատակներով:
Եթե դիտարկենք ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թվաքանակի փոփոխությունը, ապա գծապատկեր 2-ից պարզ է դառնում, որ աճի մեծ տեմպեր գրանցվել են 2001-2007թթ., այնուհետև 2010թ. և 2017թ.: Կտրուկ անկում եղել է 2015թ.-ին՝ նախորդ տարվա համեմատ 1%-ով պակաս այցելություն (ինչը հիմնականում բացատրվում է Ռուսաստանից զբոսաշրջիկների հոսքի նվազմամբ, սակայն միևնույն ժամանակ 2015թ.-ին էր Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները, Քիմ Քարդաշյանի այցը, Համահայկական խաղերը, որոնք, անշուշտ, ազդեցություն ունեցան հաջորդ տարվա զբոսաշրջիկների թվաքանակի աճի վրա):
Հաշվի առնելով ներգնա զբոսաշրջիկների թվաքանակի փոփոխությունները՝ կանխատեսման արտարկման մեթոդով հաշվարկել ենք զբոսաշրջիկների թվաքանակի աճը մինչև 2030թ.:
Հաշվարկները կատարվել են՝ հաշվի առնելով տարբեր սցենարներ.
- հաշվարկվել է 2001-2018թթ. ներգնա զբոսաշրջիկների թվաքանակի միջին աճի տեմպը (18,5%) և ենթադրվել է, որ հաջորդ տարիներին աճի տեմպը այդքան կլինի: Ըստ այս սցենարի՝ 2020թ. ներգնա զբոսաշրջիկների թվաքանակը կկազմի 2319474 մարդ, 2025թ.՝ 5419774 մարդ, 2030թ.՝ 12664059 մարդ (լավատեսական սցենար),
- հաշվարկվել է 2008-2018թթ. ներգնա զբոսաշրջիկների թվաքանակի միջին աճի տեմպը (11,5%) և ենթադրվել է, որ հաջորդ տարիներին աճի տեմպը այդքան կլինի: Ըստ այս սցենարի՝ 2020թ. ներգնա զբոսաշրջիկների թվաքանակը կկազմի 2053537 մարդ, 2025թ.՝ 3538969 մարդ, 2030թ.՝ 6098895 մարդ (իրատեսական սցենար),
- հաշվարկվել է վերջին երեք տարիների ներգնա զբոսաշրջիկների թվաքանակի միջին աճի տեմպը (11,6%) և ենթադրվել է, որ հաջորդ տարիներին աճի տեմպը այդքան կլինի: Ըստ այս սցենարի՝ 2020թ. ներգնա զբոսաշրջիկների թվաքանակը կկազմի 2057222 մարդ, 2025թ.՝ 3561247 մարդ, 2030թ.՝ 6164858 մարդ (իրատեսական սցենար),
- հաշվարկվել է վերջին հինգ տարիների ներգնա զբոսաշրջիկների թվաքանակի միջին աճի տեմպը (9,0%) և ենթադրվել է, որ հաջորդ տարիներին աճի տեմպը այդքան կլինի: Ըստ այս սցենարի՝ 2020թ. ներգնա զբոսաշրջիկների թվաքանակը կկազմի 1962482 մարդ, 2025թ.՝ 3019522 մարդ, 2030թ.՝ 4645909 մարդ (իրատեսական սցենար),
- հաշվարկվել է վերջին յոթ տարիների ներգնա զբոսաշրջիկների թվաքանակի միջին աճի տեմպը (10,4%) և ենթադրվել է, որ հաջորդ տարիներին աճի տեմպը այդքան կլինի: Ըստ այս սցենարի՝ 2020թ. ներգնա զբոսաշրջիկների թվաքանակը կկազմի 2013218 մարդ, 2025թ.՝ 3301690 մարդ, 2030թ.՝ 5414790 մարդ (իրատեսական սցենար),
- հաշվարկվել է 2001-2018թթ. ներգնա զբոսաշրջիկների թվաքանակի ամենացածր աճի դրական տեմպը (5,1%) և ենթադրվել է, որ հաջորդ տարիներին աճի տեմպը այդքան կլինի: Ըստ այս սցենարի՝ 2020թ. ներգնա զբոսաշրջիկների թվաքանակը կկազմի 1824560 մարդ, 2025թ.՝ 2339762 մարդ, 2030թ.՝ 3000443 մարդ (վատատեսական սցենար),
- հաշվարկվել է 2001-2018թթ. ներգնա զբոսաշրջիկների թվաքանակի փոփոխության ամենացածր տեմպը (-1,0%) և ենթադրվել է, որ հաջորդ տարիներին փոփոխության տեմպը այդքան կլինի: Ըստ այս սցենարի՝ 2020թ. ներգնա զբոսաշրջիկների թվաքանակը կկազմի 1618912 մարդ, 2025թ.՝ 1539569 մարդ, 2030թ.՝ 1464115 մարդ (խիստ վատատեսական սցենար):
Այսպիսով՝ լավատեսական սցենարի դեպքում 2020թ. ՀՀ ներգնա զբոսաշրջիկների թվաքանակը կկազմի 2.319.474 մարդ, իրատեսական սցենարների դեպքում՝ 1.962.482-2.057.222 մարդ, վատատեսական սցենարի դեպքում՝ 1.824.560 մարդ, իսկ խիստ վատատեսական սցենարի դեպքում՝ 1.618.912 մարդ (գծապատկեր 3):
Հարկ է նշել, որ վերջին տարիներին աճել է նաև ՀՀ ներքին զբոսաշրջիկների թվաքանակը (աղյուսակ 1):
*Տվյալներն արտացոլում են հյուրանոցային տնտեսության օբյեկտներում (հյուրանոցներ, հյուրանոցատիպ հանգրվաններ, առողջարաններ, հանգստյան տներ և այլն) հաշվառված զբոսաշրջիկներին:
2018թ. ՀՀ ներքին զբոսաշրջիկների թվաքանակը կազմել է 1092322 մարդ: Ներքին զբոսաշրջիկների մեծ մասի նպատակը եղել է հանգիստը և ժամանցը:
Հաշվի առնելով ներքին զբոսաշրջիկների թվաքանակի փոփոխությունները՝ կանխատեսման արտարկման մեթոդով հաշվարկել ենք նաև ներքին զբոսաշրջիկների թվաքանակի աճը մինչև 2030թ.:
Հաշվարկները կատարվել են՝ հաշվի առնելով տարբեր սցենարներ.
- հաշվարկվել է 2001-2018թթ. ներքին զբոսաշրջիկների թվաքանակի միջին աճի տեմպը (14,9%) և ենթադրվել է, որ հաջորդ տարիներին աճի տեմպը այդքան կլինի: Ըստ այս սցենարի՝ 2020թ. ներքին զբոսաշրջիկների թվաքանակը կկազմի 1442085 մարդ, 2025թ.՝ 2887958 մարդ, 2030թ.՝ 5783504 մարդ (լավատեսական սցենար),
- հաշվարկվել է 2008-2018թթ. ներքին զբոսաշրջիկների թվաքանակի միջին աճի տեմպը (10,9%) և ենթադրվել է, որ հաջորդ տարիներին աճի տեմպը այդքան կլինի: Ըստ այս սցենարի՝ 2020թ. ներքին զբոսաշրջիկների թվաքանակը կկազմի 1343426 մարդ, 2025թ.՝ 2253572 մարդ, 2030թ.՝ 3780326 մարդ (իրատեսական սցենար),
- հաշվարկվել է վերջին երեք տարիների ներքին զբոսաշրջիկների թվաքանակի միջին աճի տեմպը (7,9%) և ենթադրվել է, որ հաջորդ տարիներին աճի տեմպը այդքան կլինի: Ըստ այս սցենարի՝ 2020թ. ներքին զբոսաշրջիկների թվաքանակը կկազմի 1271726 մարդ, 2025թ.՝ 1859948 մարդ, 2030թ.՝ 2720245 մարդ (իրատեսական սցենար),
- հաշվարկվել է վերջին հինգ տարիների ներքին զբոսաշրջիկների թվաքանակի միջին աճի տեմպը (10,7%) և ենթադրվել է, որ հաջորդ տարիներին աճի տեմպը այդքան կլինի: Ըստ այս սցենարի՝ 2020թ. ներքին զբոսաշրջիկների թվաքանակը կկազմի 1338585 մարդ, 2025թ.՝ 2225277 մարդ, 2030թ.՝ 3699322 մարդ (իրատեսական սցենար),
- հաշվարկվել է վերջին յոթ տարիների ներքին զբոսաշրջիկների թվաքանակի միջին աճի տեմպը (12,7%) և ենթադրվել է, որ հաջորդ տարիներին աճի տեմպը այդքան կլինի: Ըստ այս սցենարի՝ 2020թ. ներքին զբոսաշրջիկների թվաքանակը կկազմի 1387390 մարդ, 2025թ.՝ 2522424 մարդ, 2030թ.՝ 4586038 մարդ (իրատեսական սցենար),
- հաշվարկվել է 2001-2018թթ. ներքին զբոսաշրջիկների թվաքանակի ամենացածր աճի դրական տեմպը (0,5%) և ենթադրվել է, որ հաջորդ տարիներին աճի տեմպը այդքան կլինի: Ըստ այս սցենարի՝ 2020թ. ներքին զբոսաշրջիկների թվաքանակը կկազմի 1103273 մարդ, 2025թ.՝ 1131123 մարդ, 2030թ.՝ 1159694 մարդ (վատատեսական սցենար),
- հաշվարկվել է 2001-2018թթ. ներքին զբոսաշրջիկների թվաքանակի փոփոխության ամենացածր տեմպը (-2,6%) և ենթադրվել է, որ հաջորդ տարիներին փոփոխության տեմպը այդքան կլինի: Ըստ այս սցենարի՝ 2020թ. ներքին զբոսաշրջիկների թվաքանակը կկազմի 1036260 մարդ, 2025թ.՝ 908371 մարդ, 2030թ.՝ 796266 մարդ (խիստ վատատեսական սցենար):
Այսպիսով՝ լավատեսական սցենարի դեպքում 2020թ. ՀՀ ներքին զբոսաշրջիկների թվաքանակը կկազմի 1.442.085 մարդ, իրատեսական սցենարների դեպքում՝ 1.271.726-1.387.390 մարդ, վատատեսական սցենարի դեպքում՝ 1.103.273 մարդ, իսկ խիստ վատատեսական սցենարի դեպքում՝ 1.036.260 մարդ (Գծապատկեր 4):
2019թ. փետրվարին ընդունված ՀՀ կառավարության ծրագրում նշվում է. «...Զբոսաշրջության զարգացումը բացառիկ հնարավորություն է փոքր և միջին բիզնեսի զարգացման համար։ ...Կառավարության անելիքը հստակ է. զբոսաշրջիկների համար անհրաժեշտ է ապահովել անհրաժեշտ ենթակառուցվածքներ և սպասարկման բարձր մակարդակ։ Զբոսաշրջիկների համար տեղանքների և տրանսպորտային ուղիների հասանելիությունը բարձրացնելու նպատակով կարևորվելու է օտար լեզուներով ուղեցույցներով, համապատասխան փողոցային և զբոսաշրջային վայրերում նշաններով կահավորումը։ Զուգահեռաբար պետք է առանձնացվեն զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող զբոսաշրջային ենթաճյուղեր՝ էկոտուրիզմ, գաստրոտուրիզմ, էքստրիմ տուրիզմ, էթնո տուրիզմ՝ համաշխարհային շուկայում Հայաստանը թիրախավորված դիրքավորելու և համապատասխան հետաքրքրություններ ունեցող զբոսաշրջիկների համար մեր երկիրն առավել գրավիչ դարձնելու նպատակով։ Կառավարությունը կարևոր է համարում նաև Հայաստան մուտքի վիզային ռեժիմների ազատականացմանը և օդային տրանսպորտի գների նվազեցմանն ուղղված հարցերի կարգավորումը»։
Կարծում ենք՝ մեծ ներուժ ունեցող զբոսաշրջային ենթաճյուղերը ավելի շատ են, քան առանձնացված են ծրագրում: Հաշվի առնելով ՀՀ զբոսաշրջային ռեսուրսները՝ կարող ենք ասել, որ զարգացման մեծ հեռանկարներ ունեն նաև զբոսաշրջության պատմամշակութային, կրոնական, առողջարանային, գինու, գյուղական, քաղաքային, բուժական, սպորտային, կրթական և գիտական, հեղափոխական տեսակները։
Ամփոփելով՝ նշենք այն հիմնական քայլերը, որոնք, ի լրումն արդեն իսկ կառավարության ծրագրում նշված կետերի, անհրաժեշտ են զբոսաշրջության զարգացման համար և պետք է հաշվի առնվեն պատկան մարմինների կողմից՝ քաղաքականությունների մշակման և իրականացման ժամանակ.
- ոլորտի օրենսդրական դաշտի կատարելագործում, զբոսաշրջության առանձին տեսակների զարգացման համար ռազմավարական ծրագրերի մշակում և իրականացում,
- զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավում,
- շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների ընդհանուր վիճակի ու պահպանման մակարդակի բարձրացում,
- ոլորտում գիտահետազոտական աշխատանքների իրականացում, զբոսաշրջության կրթական համակարգի, առարկայական ծրագրերի, ուսուցման մեթոդների բարելավում, ոլորտի աշխատուժի պատրաստման և վերապատրաստման գործընթացի կատարելագործում, զբոսաշրջության կրթական համակարգի և աշխատաշուկայի միջև արդյունավետ կապերի հաստատում,
- ակտիվ մարքեթինգային գործունեության իրականացում արտերկրում՝ միջազգային զբոսաշրջիկների ներգրավման նպատակով,
- վիճակագրական հաշվառման բարելավում,
- տեղեկատվական տեխնոլոգիաների և խելացի լուծումների կիրառում զբոսաշրջության ոլորտում,
- ծառայությունների որակի բարելավում, գնային զեղչերի կիրառում, նոր փաթեթների, երթուղիների մշակում՝ նաև հարևան Վրաստանի և Իրանի հետ,
- Հայաստանի գաստրոնոմիական բրենդի և երթուղիների ձևավորում (այս առումով կարող է օգտակար լինել մեր մշակած գաստրոքարտեզը և հետազոտությունները ոլորտում),
- Երևանի զբոսաշրջային բրենդի ստեղծում (այս առումով կարող է օգտակար լինել մեր մշակած բրենդը):
Ամփոփելով կարող ենք ասել, որ վերոնշյալ աշխատանքների հետևողական ու արդյունավետ իրականացումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը ՀՀ-ում և մեր կանխատեսած լավատեսական սցենարների իրագործմանը:
Հեղինակի այլ նյութերը
Վերլուծականներ
- Հայաստանի և Արցախի գաստրոքարտեզը որպես զբոսաշրջային մարքեթինգի բաղադրիչ
- Ինչպիսի՞ն պետք է լինի Երևանի բրենդը զբոսաշրջիկներին գրավելու և քաղաքային զբոսաշրջությունը զարգացնելու համար
- Ինչպե՞ս է հեղափոխությունն ազդել զբոսաշրջության վրա
- Զբոսաշրջության ազդեցությունը դրակա՞ն է, թե՞ բացասական. Կայուն զբոսաշրջության անհրաժեշտությունը
- Գաստրոզբոսաշրջությունը որպես ՀՀ զբոսաշրջային ներուժային ուղղություն
- Զբոսաշրջության զարգացման միտումներն աշխարհում. Ինչպիսի՞ն կլինեն ապագա զբոսաշրջիկները
- Առողջարանային քաղաք Ջերմուկը և Ամուլսարը
- Խելացի քաղաքների դերը զբոսաշրջության զարգացման մեջ
- Չինաստանը որպես նպատակային զբոսաշրջային շուկա Հայաստանի համար
- Հեղափոխական զբոսաշրջություն. Նոր հնարավորությո՞ւն Հայաստանի համար
- Ինչպիսի՞ն էր ՀՀ զբոսաշրջության ոլորտը 2017 թվականին
- Հայաստանը՝ գիտության երկիր. գիտական զբոսաշրջությունը Հայաստանում
- Զբոսաշրջության մրցունակությամբ Հայաստանը 84-րդն է աշխարհում
- Ովքե՞ր են ՀՀ ներգնա զբոսաշրջինկերը, որտե՞ղ են նրանք հանգրվանում և որքա՞ն գումար են ծախսում
- Հոսթել՝ գործում է դե ֆակտո, բայց ոչ դե յուրե
Հետազոտություններ
Ոլորտային ամփոփագրեր