Տարիները մտերմացրել են մեզ` ՀՊՏՀ-ականներիս, մենք պատվով անցել ենք երկար ու ձիգ ճանապարհ. Սիրանուշ Հարությունյան

Դիտումների քանակ՝ 2910

Մեր լսարանի ուշադրությանն արժանացած ՀՊՏՀ 45-ամյակին նվիրված բլից հարցազրույցների շարքը շարունակվում է: Այս անգամ զրուցել ենք վաստակաշատ դասախոս, համալսարանի ֆիզդաստիարակության, ԱԻ և քաղպաշտպանության ամբիոնի դոցենտ, քիմիական գիտությունների թեկնածու Սիրանուշ Հարությունյանի հետ: Մեր հարցերին պատասխանելիս նա հայացք է գցում իր երկարամյա աշխատանքային գործունեությանը, դուրս բերում ՀՊՏՀ-ական լինելու իր բանաձևը:

-Մեկ բառով կամ արտահայտությամբ նկարագրեք Ձեր ՀՊՏՀ-ն:

-ՀՊՏՀ-ն կենսակերպ է, առանց որի ամբողջական չէր լինի իմ առօրյան:

-Քանի՞ տարի է` աշխատում եք ՀՊՏՀ-ում:

-Աշխատում եմ 1976 թվականից. լաբորանտ, դասախոս, բուհի քաղպաշտպանության գործառույթների պատասխանատու, ամբիոնի վարիչ, դոցենտ: Մի ամբողջ կյանք, նվիրում և աշխատանքային գործունեություն:

-Ի՞նչն է Ձեզ ամեն օր համալսարան բերում:

-Սերը, պատասխանատվությունը, նվիրվածությունը այն ամենի հանդեպ, որով առաջնորդվել եմ այսքան երկար ու ձիգ տարիներ: ՀՊՏՀ-ն «մագնիս» է, ունի ձգողական ուժ, և դա պայմանավորված է ոչ միայն կոլեկտիվի ջերմ հարաբերություններով, այլև երիտասարդ սերնդի նկատմամբ սիրով:

-Կհիշե՞ք` երբ եք առաջին անգամ ոտք դրել ՀՊՏՀ, միգուցե, որպես ուսանող…

-Պատահականությունները երբեմն դառնում են ճակատագրական: Աշնանային օր էր, Աբովյան փողոցով քայլելիս հանդիպում եմ իմ շատ սիրելի, վաստակաշատ դասախոս Ասյա Գևորգյանին, կարճ զրույցից հետո նույն պահին հրավիրում է ՀՊՏՀ նորաստեղծ բուժպատրաստականության և քաղպաշտպանության ամբիոն, որտեղից սկիզբ է առնում իմ աշխատանքային գործունեությունը:

-Ո՞վ է Ձեր կյանքում ուսուցչի դեր ստանձնած այն մարդը, որին հանդիպել եք ՀՊՏՀ-ում:

-Վերը հիշատակված անձը, որն էլ դառնում է ինձ համար 1-ին ՀՊՏՀ-ական մարդը, ուսուցիչը: Նա շուրջ 25 տարի ղեկավարեց մեր ամբիոնը: Ասյա Գևորգյանն ուներ ղեկավարի հմայք, ինտելեկտուալ էր և վայելում էր կոլեկտիվի մեծ հարգանքը: Մինչև այսօր մեր ամբիոնում պահպանվում են նրա օրոք ստեղծված լավագույն ավանդույթները:

-Եթե դասախոս չդառնայիք…ո՞ր ոլորտում կլինեիք:

-Երիտասարդ տարիներին տարված էի սպորտով և մեծ հաջողություն ունեցա այդ բնագավառում: Սակայն կյանքի դիպվածն ինձ տարավ բժշկական ուսումնարան, որը գերազանց ավարտելուց հետո տարվեցի գործնական բժշկությամբ` մարդկանց ցավը հասկանալու, օգնելու, կարեկցելու մղումով և ինձ տեսա այդ բնագավառում, որոշեցի շարունակել…Երազում էի լավ բժիշկ դառնալ, սակայն հանգամանքների բերումով չստացվեց… Մի այլ դիպվածով հայտնվեցի Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետում, հետո էլ եկա ՀՊՏՀ: Այսօր, պրակտիկ բժիշկ դառնալու փոխարեն, դասախոս եմ: Մանկավարժական աշխատանքը, որը միշտ կատարել եմ նվիրումով, դարձել է սիրելի: Որքան անակնկալներով լի է կյանքը…

-Ի՞նչն է միավորում ՀՊՏՀ-ականներին:

-Ուժը, միասնությունը, փոխհամաձայնությունը, փոխադարձ հարգանքը, մեկ նպատակին ծառայելու տրամադրվածությունը, մեկ ընդհանուր գաղափարի շուրջ համախմբվածությունը:

-ՀՊՏՀ-ն Ձեզ հպարտանալու առիթներ ընձեռո՞ւմ է:

-Հետադարձ հայացքով պետք է ասեմ, որ չնայած բուհի համար եղել ենք ոչ մասնագիտական ամբիոն, բայց, սնապարծություն չեմ համարի նշելը, որ այլ բուհերի համապատասխան ամբիոնների  շարքում եղել ենք միշտ առաջատար, մասնակցել ենք միջոցառումների և բարձր ենք պահել մեր բուհի վարկանիշն ու պատիվը: Ով անցյալ ունի, չի կարող հիշողություն չունենալ, ով պատմություն ունի, չի կարող հետ չնայել: Միշտ հպարտանում եմ իմ ՀՊՏՀ-ով:

- Ինչի՞ հետ է ասոցացվում մեր սիրելի համալսարանը Ձեր մտապատկերում:

-Մեծ ընտանիքի, որտեղ յուրաքանչյուրն ունի իր դերն ու նշանակությունը:

-Ո՞րն է Ձեզ համար բուհի ամենատաքուկ անկյունը:

- Շատ սիրելի և ջերմ անկյուններ ունեմ, սակայն միշտ ամենատաքուկ անկյունն ես համարում այն, որտեղ ամփոփում ես աշխատանքային օրդ, մտորում, պլանավորում վաղվա անելիքներդ…. Բնականաբար, դա մեր ամբիոնն է:

-ՀՊՏՀ-ն կարողանո՞ւմ է ապահովել ավագ և երիտասարդ սերունդների դասախոսների և գիտնականների համագործակցությունն ու ներդաշնակ աշխատանքը:

-Համալսարանի ամբիոնները համալրվում են որակյալ կադրերով, որոնց մեջ կան և′ ավագ, և′ երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ: Այո′, կա փոխադարձ աջակցություն:

-Անքննելի է` երիտասարդ մասնագետը ավագ դասախոսից շատ բան ունի սովորելու, իսկ ավագը երիտասարդից սովորո՞ւմ է: Խոստովանեք….

- Պետք է խոստովանեմ` հիացած եմ մեր երիտասարդ սերնդով` բանիմաց, գիտակ, շրջահայաց, տեխնիկական գերազանց հմտություններով: Չնայած մեծ փորձին և մեթոդիկային, որոնք ունենք երկար տարիներ աշխատած դասախոսներս, շատ դեպքերում սովորում ենք երիտասարդներից:

-Ի՞նչ ասել է լինել Դասախոս:

-Տարիների կուտակած փորձի, գիտելիքների, հմտությունների վերարտադրողն ու արտացոլողն է, որի խոսքը պետք է լսելի և հասկանալի լինի լսարանին: Դա տարերք է: Դասախոսը պետք է ունենա համոզիչ խոսք, լինի հեղինակություն,  նաև հոգեբան, և առաջին հերթին` մարդ կոչմանն արժանի:

- Հոբելյանի առիթով ի՞նչ սրտագին ուղերձ կհղեք մեր սիրելի բուհին և ՀՊՏՀ-ականներին:

-Տարիները մտերմացրել են մեզ` ՀՊՏՀ-ականներիս, մենք պատվով անցել ենք երկար ու ձիգ ճանապարհ: Այսօրվա հաջողությունները բոլորինս են, դրան հասել ենք համատեղ աշխատանքի շնորհիվ: Մաղթում եմ, որ լինենք զգոն, սրտացավ, կարեկից, երիտասարդ սերնդի կրթման գործին միշտ մոտենանք ամենայն պատասխանատվությամբ և նպաստավոր պայմաններ ստեղծենք ՀՊՏՀ-ն անընդհատ զարգացնելու համար: Շնորհավոր տարեդարձդ, սիրելի′ ՀՊՏՀ: -Շնորհակալ ենք, տիկին Հարությունյան: Ձեզ մաղթում ենք քաջառողջություն, մի′շտ ՀՊՏՀ-ի կողքին եղեք:

Հ.Գ. ՀՊՏՀ վաստակաշատ դասախոսներ Արամ ՍարգսյանիՄիքայել Թավադյանի, Զոյա ԹադևոսյանիԱրկադի Հայրապետյանի, Սուսաննա ՉալաբյանիՅուրի Հովականյանի, Սամվել Գրիգորյանի հետ asue.am-ի բլից հարցազրույցներին ծանոթացեք ակտիվ հղումներով:

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին