COVID-19-Ը ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՎՆԱՍՆԵՐԸ

Գայանե Թովմասյան
ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի
ավագ հետազոտող, տ.գ.թ.

COVID-19-ի համաճարակն, անշուշտ, ահռելի վնաս է հասցնում զբոսաշրջության ոլորտին: Համաշխարհային մասշտաբով փակ սահմանները, չվերթերի, հյուրանոցային տնտեսության և հանրային սննդի օբյեկտների գործունեության ժամանակավոր դադարեցումը լուրջ սպառնալիք են՝ ոլորտը դնելով ճգնաժամի մեջ:

Ըստ Զբոսաշրջության և ճանապարհորդությունների համաշխարհային խորհրդի հրապարակումների՝ 2019թ. զբոսաշրջության համախառն ներդրումը համաշխարհային ՀՆԱ-ում կազմել է 8.9 տրիլիոն ԱՄՆ դոլար կամ ՀՆԱ-ի 10.3%-ը, ապահովել է 330 միլիոն աշխատատեղ յուրաքանչյուր 10 աշխատատեղից 1-ը, այցելուների ծախսերը կազմել են 1.7 տրիլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր արտահանման 6.8%-ը, ծառայությունների արտահանման 28.3%-ը: 2019թ. զբոսաշրջության համախառն ներդրումը ՀՆԱ-ում առավելագույնն է եղել հետևյալ երկրներում՝ ԱՄՆ՝ 1839 մլրդ ԱՄՆ դոլար, Չինաստան՝ 1585 մլրդ ԱՄՆ դոլար, Ճապոնիա՝ 359 մլրդ ԱՄՆ դոլար, Գերմանիա՝ 347 մլրդ ԱՄՆ դոլար, Իտալիա՝ 260 մլրդ ԱՄՆ դոլար, Միացյալ Թագավորություն՝ 254 մլրդ ԱՄՆ դոլար, Ֆրանսիա՝ 229 մլրդ ԱՄՆ դոլար, Իսպանիա՝ 198 մլրդ ԱՄՆ դոլար, Մեքսիկա՝ 196 մլրդ ԱՄՆ դոլար, Հնդկաստան՝ 194 մլրդ ԱՄՆ դոլար: COVID-19-ի հետևանքով զբոսաշրջության ոլորտի 75 միլիոն աշխատատեղ կորստի ռիսկի տակ է, իսկ զբոսաշրջության համախառն ազդեցությունը համաշխարհային ՀՆԱ-ում կարող է կրճատվել 2.1 տրիլիոն ԱՄՆ դոլարով կամ 23%-ով:

2020թ. ապրիլի 14-ի դրությամբ աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվը հասել է 1.933.703-ի: Ամենաշատ թվով դեպքեր գրանցվել են ԱՄՆ-ում, Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Միացյալ Թագավորությունում, Չինաստանում, Իրանում:

Ըստ ԶՀԿ տվյալների՝ այս երկրները համաշխարհային զբոսաշրջության ոլորտում ունեն այսպիսի դերակատարում.

Աղյուսակ 1

Ինչպես տեսնում ենք, աղյուսակ 1-ում ներառված 8 երկրներին միասին բաժին է ընկնում համաշխարհային զբոսաշրջային այցելությունների 27%-ը, համաշխարհային զբոսաշրջությունից ստացված եկամուտների 34%-ը:

Դեռևս 2020թ. մարտի սկզբին Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը կանխատեսել էր համաշխարհային զբոսաշրջիկների թվաքանակի նվազում 1-3%-ով 2019 թ. կազմել է 1461 միլիոն, իսկ 2020 թ. կանխատեսվում էր 1416-1446 միլիոն մարդ, ինչի հետևանքով զբոսաշրջիկների կողմից կատարվող ծախսերի կորուստը համաշխարհային մասշտաբով կկազմեր 30-50 մլրդ եվրո: Ավելի ուշ ԶՀԿ-ն թարմացրեց իր կանխատեսումները, ըստ որի՝ միջազգային զբոսաշրջային այցելությունները 2020թ. կկրճատվեն 20-30%-ով, իսկ զբոսաշրջային եկամուտները՝ 300-450 մլրդ ԱՄՆ դոլարով: Հաշվի առնելով աճի նախկին տեմպերը՝ կարելի է ասել, որ համավարակի պատճառով նախկին 5-7 տարվա աճը կչեզոքանա: Ընդ որում, ըստ ԶՀԿ-ի՝ 2003թ. SARS-ի (ատիպիկ թոքաբորբ) բռնկման հետևանքով միջազգային զբոսաշրջային այցելությունների նվազումը կազմել էր ընդամենը 0.4%, իսկ 2009թ. համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքով՝ 4%:

Գծապատկեր 1. Միջազգային զբոսաշրջային այցելություններն աշխարհում, 2000-2020թ., միլիոն մարդ

Ինչպես տեսնում ենք Գծապատկեր 1-ից, 2003թ. միջազգային զբոսաշրջիկների թիվը կրճատվել է ընդամենը 3 մլն-ով, իսկ 2009թ.՝ 37 մլն-ով: 2020թ. կանխատեսվում է միջազգային զբոսաշրջիկների թվի կրճատում 290-440 մլն-ով:

Գծապատկեր 2. Միջազգային զբոսաշրջային այցելություններն աշխարհում, 2000-2020թ., փոփոխությունը -ով

Գծապատկեր 2-ից երևում է, որ չնայած 2009թ. անկմանը՝ 2010թ. միջազգային զբոսաշրջիկների թվաքանակն աճել է՝ գերազանցելով 2008թ. ցուցանիշը:

Գծապատկեր 3. Միջազգային զբոսաշրջությունից եկամուտները 2000-2020թթ., մլրդ ԱՄՆ դոլար

2009թ. միջազգային զբոսաշրջությունից եկամուտները կրճատվել են 88 մլրդ ԱՄՆ դոլարով, իսկ 2020թ. կանխատեսվում է կրճատում 300-450 մլրդ ԱՄՆ դոլարով, կամ 20-30%-ով:

Օդային տրանսպորտի արդյունաբերության եկամտի նվազումը COVID-19-ի հետևանքով, ըստ IATA-ի նախնական կանխատեսումների, կկազմի 252 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ մինչ COVID-19-ի տարածումը օդային ուղևորափոխադրումից եկամուտն ակնկալվում էր 581 մլրդ ԱՄՆ դոլար, օդային ուղևորների թվաքանակը՝ 4.72 մլրդ մարդ:

Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը COVID-19-ի բացասական հետևանքները մեղմելու նպատակով կառավարություններին և մասնավոր հատվածին առաջարկել է իրականացնել 23 գործողություն ըստ հետևյալ երեք ուղղությունների.

  • ճգնաժամի կառավարում և ազդեցության մեղմում: Հիմնական առաջարկությունները վերաբերում են աշխատատեղերի պահպանմանը, ինքնազբաղված աշխատողներին աջակցմանը, իրացվելիության ապահովմանը, հմտությունների զարգացման խթանմանը և զբոսաշրջությանն առնչվող հարկերի, տուրքերի վերանայմանը:
  • Խթանում և արագ վերականգնում: Առաջարկությունների այս շարքը շեշտում է ֆինանսական խթանման ապահովման կարևորությունը, ներառյալ բարենպաստ հարկային քաղաքականությունը, ճանապարհորդության սահմանափակումների վերացումը, հենց որ դա թույլ տա առողջապահական համակարգը, վիզաների դյուրացմանը նպաստելը, մարքեթինգի և սպառողների վստահության մեծացումը, որպեսզի արագացվի վերականգնումը: ԶՀԿ-ն նաև կոչ է անում զբոսաշրջությունը տեղակայել ազգային վերականգնման քաղաքականության և գործողությունների ծրագրերի կենտրոնում:
  • Պատրաստվել վաղվան՝ շեշտը դնելով զբոսաշրջության եզակի կարողությունների վրա՝ որպես տեղական և ազգային աճի առաջատարի, դիվերսիֆիկացնել շուկաները, ապրանքներն ու ծառայությունները, ներդրումներ անել մարդկային կապիտալում և տաղանդների զարգացման, մտավոր համակարգերի և թվային վերափոխումների մեջ: Պետք է առավելագույնս ուշադրություն դարձնել Կայուն զարգացման օրակարգի կատարման գործում ոլորտի ունեցած ներդրման վրա և ստեղծված ճգնաժամից դասեր քաղել: Հիմնական կոչը կառավարություններին և մասնավոր հատվածին է՝ ունենալ պատրաստի պլաններ և օգտագործել այս հնարավորությունը շրջանաձև տնտեսությանն անցնելու համար:

Այսպիսով, ամփոփելով կարող ենք ասել, որ համաշխարհային զբոսաշրջության ոլորտը շատ մեծ վնասներ է կրում COVID-19-ի հետևանքով: Զբոսաշրջությունը համաշխարհային տնտեսության խոշոր ոլորտներից է՝ ապահովելով համաշխարհային ՀՆԱ-ի 10.3%-ը և 330 միլիոն աշխատատեղ: Ուստի, արդեն իսկ ակնհայտ է, որ համավարակի հետևանքով զբոսաշրջության կրած վնասները բազմարկչի էֆեկտով կազդեն նաև տնտեսության այլ ոլորտների վրա: Մնում է հուսալ, որ համավարակը շատ երկար չի տևի և սահմանափակումները կհանվեն, ու գոնե 2020թ. ամռան կեսից զբոսաշրջության ոլորտը կսկի աստիճանաբար վերականգնվել՝ 2021թ. և հետագա տարիներին կրկին գրանցելով աճի տեմպեր:

Ապրիլ, 2020թ.

Հեղինակի այլ նյութերը

Վերլուծականներ

Հետազոտություններ

Ոլորտային ամփոփագրեր