Հայաստանի տնտեսագիտական համալսարանը ապագա ՊԵԿ աշխատակիցներ կպատրաստի

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանն արդեն ունի Պետական եկամուտների կոմիտեի հովանավորությամբ հիմնանորոգված եւ ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած հարկային եւ մասնագիտացված երեք լսարաններ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ապրիլի 13-ին բացման հանդիսավոր արարողությանը ներկա գտնվեց նաեւ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը:

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի խոսքով` անցած տարվա սեպտեմբերին ստորագրված համագործակցության պայմանագիրը հաջողությամբ կյանքի է կոչվում: «Արդեն այս ուսումնական տարվանից մեր բուհում կիրականացվի հարկային եւ մաքսային ոլորտների մասնագիտացմամբ պիլոտային մագիստրոսական ծրագիր, որին կնպաստեն այս նոր լսարանները»,- ասաց Աթոյանը:

Նրա խոսքով` համալսարանում սկիզբ առած բարեփոխումները ոչ թե նպատակ են, այլ միջոց` ուղղված կրթության որակի բարձրացմանը եւ արդի տնտեսության պահանջներին համապատասխանող մասնագետների պատրաստմանը, իսկ բարձրակարգ տնտեսագետը տեսնում է ոչ միայն ներկան, այլեւ կանխատեսում եւ կերտում է երկրի ապագան:

ՀՊՏՀ ռեկտորատի նիստի որոշմամբ` Գագիկ Խաչատրյանին շնորհվեց «ՀՊՏՀ բարեկամ» պատվավոր կոչումը, ինչպես նաեւ հուշանվեր:

Գագիկ Խաչատրյանը նշեց, որ կոմիտեն շատ է շահագրգռված նմանատիպ կրթական ծրագրերով, քանի որ դրանք լուծում են շատ կարեւոր կադրերի համալրման հարցը: «Մենք այսօր ունենք խնդիր, քանի որ լավագույն մասնագետներից շատերը չեն տիրապետում տեղեկատվական տեխնոլոգիաներին»,- ասաց նա` հույս հայտնելով, որ այս մագիստրոսական մասնագիտությունների ավելացումը կլուծի այդ խնդիրը:

Մագիստրատուրայի լավագույն շրջանավարտներին հնարավորություն կընձեռվի աշխատանքի անցնել կոմիտեում: «Համոզված ենք, որ ծրագիրը լուրջ արդյունք է տալու եւ կադրային ռեզերվ ենք ստեղծելու»,- ասաց նա: