«Կոլեկտիվ ներդրումային համակարգերի կառավարում» կրթական ծրագրի շնորհանդես և բաց դաս ՀՊՏՀ-ում
Այսօր՝ հոկտեմբերի 12–ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) տեղի ունեցավ «Կոլեկտիվ ներդրումային համակարգերի կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի շնորհանդես՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի, «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արտակ Ղազարյանի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանի մասնակցությամբ։
Միջոցառումը յուրատեսակ շնորհանդես էր մագիստրոսական նոր կրթական ծրագրով առաջին համալրումը կատարած «Կոլեկտիվ ներդրումային համակարգերի կառավարում» մասնագիտացման, որը ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի «Ֆինանսական շուկաներ և ինստիտուտներ» ամբիոնում ներդրվել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև անցած տարի ստորագրված հուշագրի արդյունքում:
Ողջունելով հյուրերին և սկիզբ առած համատեղ գործունեությունը` ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն ասաց. «Այսօր կրթության շուկայում մրցակցությունը հասել է ահռելի չափերի: Մենք վաղվա ապագա չենք ունենա, եթե այսօր մեր հանրապետությունում հիմք չդրվի նոր որակական կրթության: Մեր կրթության որակի գնահատականը կարող է տալ միայն գործատուն: Այդ իսկ պատճառով առանց գործատուների հետ խորը համագործակցության մենք որևէ որակական արդյունք չենք տա»: Ռեկտորը նշեց նաև, որ այս համագործակցությամբ բուհը սոսկ գործատուի պատվերը չի կատարում, այլ իրականացվում է համատեղ կրթական պլանների, ծրագրերի մշակում, համատեղ ուսումնական գործընթացների և արտադրական պրակտիկաների, քննությունների կազմակերպում, ընդհուպ մինչև ավարտական թեզերի համատեղ պաշտպանություն, «ինչից շահում է և բուհը, և գործատուն»։
ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության նախաձեռնողներին այն հիմքի համար, որը գերատեսչությունն իր ղեկավարությամբ շարունակում է:
«Մենք ունենք առարկայական խնդիր, որ մեր բուհերը, ուսումնական հաստատությունները իրոք պատրաստեն մասնագետներ, որոնք մրցունակ են աշխատանքի շուկայում և բավարարում են այսօրվա պահանջները» ,-ասաց Արտեմ Ասատրյանը՝ նշելով, որ նոր սերնդի երիտասարդ մասնագետների մասնագիտական հմտություններից է կախված հանրապետությունում ներդրվող կենսաթոշակային բարդ համակարգի հաջողությունը: Այնուհետև բաց դասի ձևաչափում նախարարը ներկայացրեց նոր կենսաթոշակային համակարգի արդյունավետ ներդրման ճանապարհները, բարեփոխումների կայացման ու զարգացման մեխանիզմները:
«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արտակ Ղազարյանն իր ելույթում նշեց, որ ներդրված կրթական ծրագրի շնորհիվ համակարգն ապահովված կլինի կենսաթոշակային ոլորտի որակավորված մասնագետներով, որոնք մեծ պահանջարկ կվայելեն աշխատաշուկայում և բարեփոխումների ոգուն համապատասխան կունենան նոր մտածելակերպ, նոր հոգեբանություն, նոր գիտելիքներ:
Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը մասնավորեցրեց այն նպատակային ուղղությունները, որոնք կօժանդակեն «Կոլեկտիվ ներդրումային համակարգերի կառավարում» մասնագիտացման կայացմանը: Թադևոս Ավետիսյանի ներկայացմամբ՝ կլինեն դասախոսների և բարձր առաջադիմությամբ ուսանողների վերապատրաստումներ արտերկրում, յուրաքանչյուր կիսամյակ կանցկացվեն սեմինար մրցույթներ, կբարելավվեն ուսումնական պայմանները, կստեղծվի էլեկտրոնային գրադարան, կանցկացվեն քաղծառայության հատուկ կուրսեր` համապատասխան հավաստագրով:
Նշենք, որ «Կոլեկտիվ ներդրումային համակարգերի կառավարում» մասնագիտացմամբ այս տարի Տնտեսագիտական համալսարան է ընդունվել 33 դիմորդ և ստանում է մագիստրոսական կրթություն։ Ընդհանուր առմամբ, ՀՊՏՀ-ն 6 կառույցի հետ 8 մասնագիտացմամբ մագիստրոսական կրթական ծրագիր է իրականացնում`նպատակ հետապնդելով նորացված ծրագրերով, նոր մոտեցումներով կադրեր պատրաստել գերատեսչությունների համար և միաժամանակ լուծել շրջանավարտների աշխատանքի տեղավորման խնդիրը։
www.nt.am