Արդի պահանջներին համահունչ

ՀՊՏՀ—ն կիրականացնի մագիստրոսական կրթական նոր ծրագիր

Կրթության ոլորտի եւ գործատուի միջեւ համագործակցությունը բարձրորակ մասնագետներ պատրաստելու համար առաջնային նշանակություն ունի։ Բուհի կապերը գործատուի հետ ապահովում են մի կողմից կրթության բարձր որակը, եւ մյուս կողմից՝ գործատուի համար բարձրորակ կադրերի անընդհատ հոսք։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում երեկ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւ ՀՊՏՀ–ի ռեկտոր Կորյուն Աթոյանը ստորագրեցին համագործակցության պայմանագիր, որով համալսարանում կիրականացվի «Տնտեսական գործունեության բնապահպանական փորձաքննություն» մասնագիտացմամբ մագիստրոսական կրթական ծրագիր։ Սա ՀՊՏՀ—ի կողմից գործատուի հետ կապերն ամրապնդելուն եւ համագործակցության ճանապարհով հանրապետության համար որակյալ կադրեր պատրաստելուն միտված թվով յոթերորդ պայմանագիրն է։ Վերջին պայմանագրի նպատակն է ոչ միայն օժանդակել տվյալ մագիստրոսական մասնագիտացման կրթական ծրագրի իրականացմանը, այլեւ հանրապետությունում բնապահպանական փորձաքննության բնագավառում բարձրորակ մասնագետների պատրաստման, վերապատրաստման գործընթացին եւ աջակցել համալսարանի շրջանավարտներին աշխատանքով ապահովելուն։

Պայմանագրի ստորագրումից հետո ՀՀ բնապահպանության նախարարն անդրադարձավ ոլորտի առջեւ ծառացած արդի խնդիրներին՝ կապված հատկապես կլիմայական փոփոխությունների եւ ադապտացման, անապատացման վտանգների, կենսաբազմազանության պահպանմանն ուղղված գործողությունների հետ։ Ա. Հարությունյանը ողջունեց տնտեսագիտական համալսարանի նախաձեռնությունը՝ նոր կրթական ծրագրեր ներմուծելու եւ կրթության որակն արդիականացնելու ուղղությամբ։

ՀՊՏՀ–ի ռեկտորը նշեց, որ պայմանագիրը հնարավորություն կտա բուհին պատրաստել հայաստանյան շուկայում մեծ պահանջարկ ունեցող մասնագետներ։ «Կասկած չկա, որ ցանկացած տնտեսական գործունեություն բնապահպանական հետեւանքներ է առաջացնում, եւ այս պայմանագրի հիման վրա պատրաստված մասնագետները կզբաղվեն հենց այդ հետեւանքների վերացմամբ։ Կարծում եմ՝ շատ արդիական եւ հրատապ խնդիր է, իսկ այդ մասնագիտությունը լիովին համապատասխանում է այսօրվա պահանջներին»,— հայտարարեց Կ. Աթոյանը։ Պայմանագիրը նախատեսում է նախարարության հետ համաձայնեցնել նշված մասնագիտացման մագիստրոսի կրթական ծրագրի ուսումնական պլանները, առարկայական ծրագրերը եւ մագիստրոսական թեզերի թեմաները։ Բացի այդ, ծրագրի իրականացման նպատակով համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ համատեղ կներգրավվեն նախարարության համապատասխան մասնագիտական փորձառություն ունեցող աշխատակիցները։

HHpress.am