ՀՊՏՀ–ում բակալավրիատի շրջանավարտներին հանձնվել են դիպլոմներ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում երեկ՝ հուլիսի 9–ին, տեղի է ունեցել «ՀՊՏՀ ՇՐՋԱՆԱՎԱՐՏ-2012» միջոցառումը։ Առավոտյան ժամը 11.00-ից սկսած՝ բոլոր ֆակուլտետների հատուկ հատկացված լսարաններում առկա բակալավրիատի շրջանավարտներին հանձնվել են ավարտական պետական դիպլոմներ:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ ՀՊՏՀ դիպլոմների հանձնման միջոցառումը շարունակվել է երեկոյան ժամը 18.00-ին՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում, որտեղ ՀՊՏՀ ղեկավարությունն իր շրջանավարտներին շնորհել է բարձրագույն կրթությունը փաստող վավերագրեր:

Միջոցառմանը մասնակցել են վաստակաշատ գիտնական մանկավարժներ, ովքեր եկել էին իրենց սրտի խոսքը հղելու և բարի երթ մաղթելու իրենց սաներին` հանրապետության տնտեսագիտական մայր բուհի շրջանավարտներին:

Շնորհավորելով ՀՊՏՀ շրջանավարտներին՝ ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանն օրվա հերոսներին մաղթել է ամենայն բարիք, անձնական երջանկություն, մասնագիտական ու աշխատանքային հաջողություններ:

Շրջանավարտներին ուղղված իր խոսքում, կարևորելով ուսումնական կյանքի ավարտը նշանավորող այս շրջափուլը, որն արձանագրում է երեկվա ուսանողների ներդրած ջանքերի արդյունքը, ռեկտորը նշել է.«Այսօրը որքան ուրախալի, նույնքան էլ պատասխանատու է, քանզի ավարտելով Տնտեսագիտական համալսարանը և ստանալով ավարտական դիպլոմները` Դուք մտնում եք մեծ կյանք, որտեղ էլ փորձության են ենթարկվելու ոչ միայն Ձեր ստացած գիտելիքներն ու մասնագիտական հմտությունները, այլ նաև` մարդկային հատկանիշները։ Հուսով ենք, որ բուհից հեռանում եք միայն լավ տրամադրությամբ ու տպավորություններով, գիտելիքների մեծ զինանոցով և որպես մասնագետ ինքնահաստատվելու աննկուն վճռականությամբ»։

Ռեկտորը վստահություն է հայտնել, որ այսօրվա շրջանավարտների սերունդը լինելու է մեծ նվաճումներ ու առաջընթաց կերտող, իր հայրենիքի համար լավագույն ապագա կառուցող սերունդ:

Ուսումնառության տարիներին բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներից մի քանիսին Կորյուն Աթոյանն անձամբ հանձնել է Կարմիր դիպլոմներ:

ՀՊՏՀ շրջանավարտներին շնորհավորանքի խոսք է հղել ՀՊՏՀ շրջանավարտների միության նախագահ Կարեն Ճշմարիտյանը: Նա երիտասարդ մասնագետներին մաղթել է՝ թևակոխելով կյանքի նոր շրջափուլ, իրենց նպատակներին հասնելու ճանապարհին երբեք չզոհաբերել պատիվն ու արժանապատվությունը և կառուցել ազատ, անկախ ու բարեկեցիկ երկիր:

Օրվա հերոսներին շնորհավորել է նաև ՀՊՏՀ նախկին ռեկտոր Գրիգոր Կիրակոսյանը, ով բարեմաղթանքների հետ միաժամանակ հորդորել է կյանքում գնահատել ու կարևորել աշխատանքը և երբեք չխզել կապը մայր բուհի հետ:

Շրջանավարտներին ու հյուրերին իրենց համերգային գեղեցիկ կատարումներով ողջունել են Reincarnation և The Beautified project խմբերը:

2011-2012 ուսումնական տարում ՀՊՏՀ–ն առկա ուսուցմամբ բակալավրիատի 23, հեռակա ուսուցմամբ բակալավրիատի 11 և առկա ուսուցմամբ մագիստրատուրայի 31 մասնագիտություններով և մասնագիտացումներով թողարկել է 1870 շրջանավարտ:

tert.am