Վարչապետ. 21-րդ դարում հաջողության են հասնում այն երկրները, որոնք հանդես են գալիս նոր գիտելիքի ստեղծմամբ

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցությամբ այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մեկնարկեց «Ազգային տնտեսության մրցունակության բարձրացման հիմնախնդիրները» թեմայով 22-րդ գիտական նստաշրջանի բացմանը:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ Տ.Սարգսյանը ներկայացրեց կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ուղղությունները: Նրա խոսքերով՝ 21-րդ դարում հաջողության են հասնում այն երկրները, որոնք կարողանում են համաշխարհային շուկայում հանդես գալ նոր գիտելիքի ստեղծմամբ: «Ինդուստրիալ հասարակությունից անցումը պոստինդուստրիալ հասարակությանը ենթադրում է տեղափոխվել գիտելիքի ոլորտ: Որպես կառավարություն՝ մենք պարտավոր ենք մի կողմից ստեղծել գիտելիքահեն հասարակության հիմքերը, մյուս կողմից բացահայտել արդյունաբերության այն մրցունակ ճյուղերը, որոնք ունեն ապագա և կարող են ստեղծել հարաբերական առավելություններ տնտեսությունը զարգացնելու համար»,- ասաց վարչապետը:

Տ.Սարգսյանի խոսքերով՝ այդ տրամաբանության ներքո էլ մշակվել է արտահանմանն ուղղված արդյունաբերական նոր ճյուղային քաղաքականությունը, որով պետությունը պարտավորություն է ստանձնել ձևավորել ոչ միայն մրցակցային բիզնես միջավայր, այլև մասնավոր հատվածի հետ մշակել ու իրականացնել ճյուղային արդյունաբերական քաղաքականություն: «Ձևավորվել է պետություն մասնավոր համագործակցության նոր հարթակ՝ վարչապետի գլխավորությամբ, որի նպատակն է բացահայտել ՀՆԱ-ի ներուժ ունեցող արդյունաբերական տարբեր ճյուղերի առավելությունները: Համաձայնագրերի միջոցով 2-3 ճյուղերում արդեն իսկ հստակեցվել են պետության և մասնավորի պարտավորություններն ու գործողությունները: Առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ըստ ճյուղերի պետության քայլերը խիստ տարբեր են, չկան ունիվերսալ գործիքներ, որոնք կվերաբերեն բոլոր ուղղություններին»,- ընդգծեց վարչապետը:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին՝ Տիգրան Սարգսյանն ասաց, որ գործադիրը գնալու է արտադրողականության աճի և մարզերում նոր աշխատատեղերի ստեղծման ճանապարհով: Կառավարության նոր՝ գյուղատնտեսության և գյուղի զարգացման հայեցակարգի նպատակն է մարզերում ստեղծել կյանքի համար հարմարավետ պայմաններ, որպեսզի մարդիկ ստիպված չլինեն ժամանել մայրաքաղաք: Վարչապետը համայնքների և տնտեսությունների խոշորացման ծրագրերն իրականացնելու գործում ակնկալում է նաև երիտասարդ հետազոտողների ուսումնասիրությունները:

Խոսելով սոցիալական բնագավառում պետության կողմից իրականացված բարեփոխումներից, Տ.Սարգսյանը նշեց, որ պետությունը կատարել է արմատական փոփոխություններ և գործադիրի նպատակն է պայքարել ոչ թե սոցիալական խնդիրների և աղքատություն ծնող հետևանքների, այլ դրանց պատճառների վերացման ուղղությամբ: «Աղքատություն ծնող պատճառները կրթության և աշխատատեղերի բացակայությունն են: Աղքատ ընտանիքներում կրթվածության մակարդակը շատ ցածր է, քանի որ կրթությունը հասանելի չէ: Այսուհետ վերջիններիս կրթության ծախսերը պետությունը վերցնելու է իր վրա և աղքատությունը չպետք է պատճառ հանդիսանա, որպեսզի սոցիալապես անապահով ընտանիքների երիտասարդները կրթություն չստանան: Դրանով պայմանավորված էլ 2013թ-ի պետական բյուջեի ֆինանսական միջոցների վերաբաշխումը կատարել ենք հօգուտ այս ռազմավարության: Լրացուցիչ միջոցներն ուղղելու ենք կրթական ծրագրերի իրականացմանը, առաջին հերթին աղքատ ընտանիքների համար»,- ասաց Տ. Սարգսյանը:

Խոսելով առողջապահության ոլորտում իրանցվող ծրագրերի վերաբերյալ՝ վարչապետը հայտնեց, որ այստեղ առկա ֆինանսավորման մոդելը չի բավարարում: Ստեղծվել է աշխատանքային խումբ և Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար Արա Դարզիի օժանդակությամբ մշակվում է այս բնագավառի արդյունավետությունը բարձրացնող նոր ռազմավարություն: Ըստ վարչապետի՝ խնդիրը ֆինանսավորման բարձրացման մեջ չէ, այլ կազմակերպական ճիշտ եղանակների մշակման: «Այստեղ առաջին քայլն ապահովագրական համակարգի ներդրումն էր: 114 հազար պետական ծառայողներ հնարավորություն են ստացել ապահովագրել իրենց առողջությունը, ներառյալ սրտի վիրահատությունը, որը նախկինում շատերի համար անհասանելի էր: 2013 թ. պետբյուջեով 30 հազարով ավելացրել ենք այն պետական ծառայողների թիվը, որոնք կկարողանան օգտվել այս ծառայությունից: Մեր նպատակն է առողջապահության ոլորտում դուրս գալ ճիշտ գնագոյացման վրա, քանի որ այստեղ էլ առկա է հիմնական խնդիրը»,- նշեց Տ. Սարգսյանը:

Անդրադառնալով կրթությաւն և գիտության ոլորտին՝ վարչապետն ասաց, որ այստեղ ընտրվել է զարգացման հեռանկարային մոդել: Գիտության և կրթության զարգացման հիմքը պետք է լինեն համալսարանները: «Մրցունակ լինելը պայմանավորված է կրթական մակարդակով: Համալսարանները պետք է ապահովեն գիտության և արտադրության միջև կապը՝ լինելով լրջագույն հետազոտական կենտրոններ: Բոլոր դասախոսներն անպայման պետք է զբաղվեն գիտությամբ, դրա մասին է վկայում լավագույն փորձը: Բուհերը պետք է հանդիսանան հասարակության հենքը և մեր քայլերն ուղղվելու են այդ նպատակի իրականացմանը»,- ընդգծեց Տ.Սարգսյանը:

Աղբյուր` Panorama.am