Հայաստանի տնտեսագիտական համալսարանը նորովի կահավորված համակարգչային լսարան ունի
ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետության եւ մասնավոր հատվածի համագործակցությունը կրթության ոլորտում նոր որակ եւ թափ է ստանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում համագործակցության նոր հուշագիր ստորագրեցին ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը եւ «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյան:
Ինչպես նշեց Արմեն Աշոտյանը, «Փյունիկ»-ի հետ համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի: Համատեղ աշխատանքի արդյունքում վերջին չորս տարիների ընթացքում հանրակրթական դպրոցներում ստեղծվել կամ վերանորոգվել են շուրջ յոթ հարյուր հիսուն լաբորատորիաներ` ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն առարկաներից, վերազինվել է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երեւանյան եւ Գյումրիի մասնաճյուղերը: «Այս հուշագրով ամբողջացվում է համատեղ աշխատանքի անցած ճանապարհը: Իսկ նախարարությունը չափազանց շատ է կարեւորում պետությանը համապատասխան մասնավոր եւ հանրային հատվածների աջակցությունը»,- ասաց ԿԳ նախարարը` հիշեցնելով, որ պետությունը սեփական ներդրումներվ ի վիճակի չէ ապահովել եւ լուծել բոլոր խնդիրները:
Աշոտյանը նշեց, որ «Փյունիկ»-ը հավատարիմ գործընկեր է բոլոր հրատապ հարցերի լուծման ուղղությամբ:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լեւոն Սարգսյանը կարեւորեց կրթական ծրագրերին օժանդակելու անհրաժեշտությունը, որովհետեւ մարդկային սերունդների զարգացման հարցը շատ կարեւոր է: «Ցանկացած հասարակություն առանց սերունդների դաստիարակության, ուղղակի ապագա չունի եւ դատապարտված է կործանման»,- նշեց Լեւոն Սարգսյանը:
Այնուհետեւ ՀՊՏՀ Մարքեթինգի եւ բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում «Փյունիկ»-ի աջակցությամբ վերաբացվեց հիմնանորոգված եւ նորովի կահավորված համակարգչային լսարանը: