Մարդիկ կան, որ մահից հետո էլ աշխատում են
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ
Ազատամարտիկ Կարենի նման տղաները հարյուր տարին մեկ են ծնվում
Ազատամարտիկը զինվոր չէ, նա հրաման կատարող կամ տվող չէ. ազատամարտիկը կանչ ունի, ազատամարտիկը պատերազմ է գնում, զինվորը` բանակը: Իսկ բանակը պատերազմ չէ, բանակը կա, որպեսզի պատերազմ չլինի, պատերազմն էլ` իսկական` արյունալի, սառը, դաժան...Պատերազմում միայն բանակները չեն կռվում, չեն դիմանում. պատերազմում ժողովուրդն է կռվում` ազատամարտիկը, հայրենապաշտպանը: Ազատամարտիկը պատերազմի ծնունդ է, զինվորը` խաղաղության, ազատամարտիկը` զինվոր չէ, քանի որ պատերազմը բանակ չէ...
1992-ի նոյեմբերի 4-ին Երեւանի տնտեսագիտական համալսարանի 4-րդ կուրսի ուսանող, ՌԱԿ Արմենական ակումբի անդամ եւ հիմնադիրներից, մտավորականների ընտանիքում ծնված, 25-ամյա Կարեն Բախշիի Մանվելյանը իր նոթատետրում հերթական գրառումը կատարեց: Հաջորդ օրը` նոյեմբերի 5-ին հայկական զորքերը պատրաստվում էին ազատագրել Լաչինը. Կարենը գրեց, որ դա իր համար ամենալուսավոր օրն է լինելու...1992-ի նոյեմբերի 5-ինՙ Լաչինի գրոհի ժամանակ Կարեն Մանվելյանը զոհվեց...
Այս տարի նա կլիներ 45 տարեկան, արդեն քսան տարի նա չկա, սակայն «մարդիկ կան, որ մահից հետո էլ աշխատում են», Կարենն ու «Կարենները» այդ մարդկանցից են: «Նրանք հատուկ առաքելությամբ են գալիս այս աշխարհ ու իրենք առաքելությունը հասկանում են միայն իրենք, մենք, հաճախ, չենք հասկանում: Նման տղաները հարյուր տարին մեկ են ծնվում», նոյեմբերի 5-ին, ՊՆ «Մայր Հայաստան» զինվորական թանգարանում տեղի ունեցած` Կարենի ծննդյան 45-ամյակի եւ զոհվելու 20-րդ տարելիցին նվիրված հիշատակ-միջոցառմանն ասաց ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը` Ասպրամ Կրպեյանը: ՌԱԿ Հանրապետական վարչության ատենադպիր, պատմաբան Սուրեն Սարգսյանի հանդիսապետությամբ տեղի ունեցած հուշարկմանը ներկա էին Կարենի զինակիցները, գաղափարի ընկերները, զինվորականներ, հարեւաններ, ուսուցիչ-դասախոսներ, հարազատներ:
Առաքելություն կրող մարդիկ այն հանկարծակի, մի դիպվածից չեն կրում, նրանք այդպես ուղղակի ծնվում են, ինչպես տիկին Ամալյան` Կարենի մայրը, որդուն նվիրված քառյակում է գրում. «...Բյուրեղյա, քաջ ու անվախ, մինչեւ վերջ հայրենիքիդ, ազգիդ նվիրված ըմբոստ ու հպարտ»: 7-րդ դասարանում Կարենը դասարանով, ուսուցչուհու` տիկին Սիլվայի ուղեկցությամբ գնում է Հաղարծին: Վերադառնալով` գրած շարադրության մեջ Կարենն ամենեւին էլ ուխտագնացության մասին չի գրում. նա մտահոգություն է հայտնում. «Եկեղեցու պատերին մակագրություններ էր տեսել. 7-րդ դասարանցի երեխային սա էր մտահոգել», հիշում է տիկին Սիլվան...
...Հերթական բախումից հետո Կարենը նոթատետրում գրում է, որ ադրբեջանցիները թողել էին շուրջ քսան դիակ. «Դատելով դեմքերից` նորակոչիկներ էին»: Կարենն առաջարկում է զինակիցներին` հուղարկավորել նրանց, ոչ ոք չի համաձայնում, ու նա ինքն է սկսում փոսեր փորել.«Կարճ ժամանակ անց ընկերներս միացան ինձ», գրում է Կարենը:
Ազատամարտիկը կուսակցություն չունի, նա միակ պատկանելություն ունի: Ու չնայած Կարենը ՌԱԿ անդամ էր, ՌԱԿ Հանրապետական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանն այս կապակցությամբ ասաց. «Կուսակցական լինելը ուղղորդիչ հանգամանք չէր: Կարենն ու նրա նմանները կուսակցական հրամանի կարիքը չունեն...Ու առհասարակ, կան մարդիկ, որոնք մահից հետո էլ աշխատում են...Կարենը նրանցից է»:
Ազատամարտիկը հրամանի կարիք չունի, ազատամարտիկը կանչ է կրում, ու ազատամարտիկը զինվոր չէ:
Իսկ մա՞յրը, «100 տարին մեկ ծնվող տղայի» մայրը. տիկին Ամալյային էին հանձնում որդուն նվիրված ծաղիկները` կարմիր: Նա ոչինչ չասաց որդու մասին, նա լսում էր, գուցե եւ խոսում որդու հետ` «Դու կա՛ս, որդի՛ս, դու ապրո՛ւմ ես», գրում է մայրը, ու ընդունում որդու` «Կներե՛ս, մայրի՛կ, որ հայրենիքս քեզանից շատ եմ սիրում» խոսքերը, ընդունում հուզված ու հպարտ, տխուր եւ երջանիկ. նա ազատամարտիկի մայր է, ուրեմն նա սովորական մայր չէ, նրա ցավը նրա իսկ հպարտությունն է...
«Եթե ուզում ես ազգդ, հայրենիքդ ապրեն, նրանց համար մեռնելու կա՛մք ունեցիր», Գարեգին Նժդեհ: Շնորհակալություն, Կարեններ, որ մենք ապրում ենք, իսկ դուք դեռ... աշխատում: