Տնտեսագիտական համալսարանում այսօր մեկնարկեց YES միջազգային գագաթնաժողովը

Այսօր` նոյեմբերի 29-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում իր աշխատանքներն սկսեց «Էթիկան և բիզնեսը 21-րդ դարում (Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը և հետևանքները)» խորագիրը կրող՝ Երիտասարդ տնտեսագետ ուսանողների YES միջազգային 5-օրյա գագաթնաժողովը:

ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գոհար Գևորգյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ գագաթնաժողովը կազմակերպել է Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիան` ՀՈՒԱԱ-ն` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի և ԵՊՀ-ի ուսանողական խորհրդի աջակցությամբ:

Համաժողովին մասնակցում են ավելի քան 70 ուսանողներ աշխարհի 12 երկրներից:

YES միջազգային 5-օրյա գագաթնաժողովի շրջանակում ուսանողները կներկայացնեն զեկույցներ, ինչպես նաև հանդես կգան դասախոսություններով և կանցկացնեն բանավեճ քննարկումներ:

Գագաթնաժողովին տեղի կունենան ճգնաժամերի, դրանց հաղթահարման ուղիներին և էթիկական հարցերին վերաբերող մի շարք հանդիպումներ, խմբային քննարկումներ, զեկուցումներ, դասախոսություններ:

«Ուրախալի է, որ «Էթիկան և բիզնեսը 21-րդ դարում» խորագրով գագաթաժողովին մասնակցում են ուսանողներ աշխարհի տարբեր ծայրերից, և մասնակիցները հնարավորություն կունենան լսելու նաև նրանց տեսակետները իրենց երկրների տնտեսական հիմնախնդիրների, աշխարհը պարուրած ֆինանսատնտեսական ճգնաժամի, 21-րդ դարի մարտահրավերների մասին»,- բարի երթ մաղթելով գագաթաժողովի աշխատանքներին` ասաց ՀՊՏՀ ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը:

Մասնակիցներին ողջունեցին և բեղմնավոր աշխատանք մաղթեցին Հայաստանի ազգային ուսանողական ասոցիացիայի նախագահ Արմեն Ալեքսանյանը, ՀՊՏՀ ուսանողական խորհրդի նախագահ Սևակ Խաչատրյանը, ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Ցոլակ Հակոբյանը:

Լիագումար նիստում մասնակիցները կլսեն 8 զեկուցում:

1in.am