Ավանդաբար ամենապահանջված մասնագիտությունների ուղղությամբ մրցույթը բարձր էր. ՀՊՏՀ ռեկտոր

Այս տարի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան են դիմել 2477 դիմորդ, որից ընդունվել են 1263-ը:

Անվճար են ընդունվել 97-ը, վճարովի 1166-ը, որոնցից 300-ը ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից տրամադրված լրացուցիչ տեղերն են եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը:

Նա նշեց, որ նախորդ տարիների համեմատ, այս տարի ՀՊՏՀ ընդունվելու համար բարձր մրցույթ է եղել. «Հատկապես մրցույթը բարձր էր բուհի` ավանդաբար ամենապահանջված մասնագիտությունների ուղղությամբ` ֆինանսներ և վարկ, կառավարում, հաշվապահական հաշվառում, ձեռնարկությունների տնտեսագիտություն և կառավարում, միջազգային տնտեսական հարաբերություններ, որոնց համար անվճարի շեմը 59,5 միավորն է եղել»:

Կորյուն Աթոյանը նշեց, որ ավելի քիչ դիմել են մաթ. մեթոդներ, մոդելավորում, ինֆորմատիկա, ապրանքագիտություն մասնագիտությունների գծով. «Սրանք այն մասնագիտություններն են, որոնք տնտեսագիտական առումով այդքան էլ պահանջված չեն շուկայում»:

Կորյուն Աթոյանը տեղեկացրեց նաև, որ ՀՊՏՀ-ում թափուր տեղեր չկան:

HayNews.am