ԱԺ նախագահը հանդիպել է ՀՊՏՀ ուսխորհրդի և ռեկտորի հետ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հունիսի 18-ին հանդիպեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի անդամների և բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանի հետ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Որպես ՀՊՏՀ խորհրդի նախագահ` խորհրդարանի ղեկավարը ուսանողների հետ քննարկել է նրանց առաջիկա ծրագրերն ու անելիքները: Ուսանողները խոսել են նոր նախաձեռնությունների մասին, ներկայացրել բուհի ընթացիկ խնդիրները:

ԱԺ նախագահը, հետաքրքրվելով քննաշրջանի ընթացքով, ընդգծել է կրթական հաստատությունում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու և համատեղ ջանքերով բացառելու անհրաժեշտությունը:

Հովիկ Աբրահամյանը ուսանողներին լավ սովորելու և գիտելիքները հարստացնելու կոչ է արել` հիշեցնելով, որ լավ մասնագետը պահանջված է միշտ:

Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը փորձառության լավ հնարավորություն է համարել գործատուների հետ մագիստրոսական կրթական ծրագրեր իրականացնելու` համալսարանի նախաձեռնությունը: ԱԺ նախագահը ուսխորհրդի անդամներին հորդորել է ակտիվ լինել նաև կրթական ծրագրերը, բարեփոխումները իրագործելու հարցում և լավ արդյունքի հասնելու համար համագործակցել բուհի ղեկավարության հետ:

Հովիկ Աբրահամյանն ապագա տնտեսագետներին տեղեկացրել է, որ սեպտեմբերից կսկսվի երիտասարդական նոր խորհրդարանի ձևավորումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև այլ հարցեր:

Լուրեր Հայաստանից - Թերթ.am