ՀՊՏՀ-ի եւ Եվրասիա միջազգային համալսարանի միջեւ համագործակցության հուշագիր է ստորագրվել
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում օգոստոսի 29-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Եվրասիա միջազգային համալսարանի միջև: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Եվրասիական միջազգային համալսարանից, համագործակցությունը ենթադրում է ռեսուրսների համատեղ օգտագործման միջոցով նոր հնարավորությունների ստեղծում` առավել արդյունավետ կրթական գործունեություն իրականացնելու նպատակով: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի` որպես կրթական և հետազոտական դասական ու առաջավոր ուսումնական հաստատության ղեկավարությունը և Եվրասիա միջազգային համալսարանի` որպես նորարար կրթական, դեռևս երիտասարդ հաստատության հիմնադիրների խորհուրդը ցուցաբերել են բովանդակային առումով նոր նախաձեռնություն` համագործակցելու մի շարք բնագավառներում, որոնք նախանշված են հուշագրում:
Հուշագրի առանցքային կետերից են համատեղ միջազգային կրթական դրամաշնորհային ծրագրերի և գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, համալսարանների միջև ուսանողների փոխանակման և կրեդիտների փոխճանաչման հնարավորությունների ստեղծումը, դասախոսների վերապատրաստման համատեղ ծրագրերի իրականացումը, օտարերկրյա դիմորդների ուսուցման կազամակերպումը, որակի ապահովման համակարգերի ներդրման ընթացքում սերտ համագործակցությունը և այլն: