Տնտեսագիտական համալսարանում այս տարի բավականին բարձր մրցույթ է եղել. Բուհի ռեկտոր
2012-2013թթ. ուսումնական տարվա համար Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ) ընդունվելու համար դիմել է 2477 դիմորդ, որից բուհ է ընդունվել 1263-ը (բոլոր 17 մասնագիտությունների գծով): Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը` հավելելով, որ այս տարվա ընդունելության քննություններն անցել են օբյեկտիվ, արդար ու թափանցիկ, իսկ որակի առումով ռեկտորն իր գնահատականը կտա առաջին կիսամյակի ավարտին: Նա տեղեկացրեց, որ դիմորդներից անվճար է ընդունվել 97-ը, վճարովի` 1166-ը, որոնց թվում 300-ը` ԿԳՆ-ի կողմից տրամադրված լրացուցիչ տեղերն են:
Ռեկտորը վստահեցրեց, որ այս տարի ՀՊՏՀ ընդունվելու համար բավականին բարձր մրցույթ է եղել` հատկապես ամենապահանջված մասնագիտությունների ուղղությամբ` ֆինանսներ և վարկ (անվճարի վերին շեմը կազմել է 59.5 միավոր), կառավարում, հաշվապահական հաշվառում, միջազգային տնտեսական հարաբերություններ (անվճարի վերին շեմը` 59 միավոր): Կ.Աթոյանը նշեց, որ համալսարանում ստեղծվել է կարիերայի և մարքեթինգի կենտրոն, որն այս տարվանից պետք է վիճակագրություն հավաքի բուհի նախկին տարիների շրջանավարտների մասին` նրանցից քանիսն են աշխատում և որտեղ: Ռեկտորը խոստացավ արդեն հաջորդ տարի ներկայացնել կենտրոնի հետազոտության արդյունքները:
ՀՊՏՀ ռեկտորի խոսքով` կրթության որակը բարձրացնելու համար բուհը պետք է սերտ համագործակցի գործատուի հետ, քանի որ նրա համար է կադրեր պատրաստում: Նա նշեց, որ բուհը պայմանագրեր է կնքել ՊԵԿ-ի, ֆինանսերի, էկոնոմիկայի, սոցապ, բնապահպանության նախարարությունների, Կենտրոնական բանկի, առևտրային բանկերի, Կադաստրի պետական կոմիտեի, Պետական գույքի կառավարման վարչության հետ և այլն: «Գործատուները մեզնից շատ են շահագրգռված որակյալ կադրեր ունենալու հարցում, քանի որ իրենք են աշխատանքի ընդունում և պատրաստում նրանց»,- ասաց Կ.Աթոյանը:
Վերջինս ընդգծեց, որ բուհում կարևորագույն խնդիրներից է մասնագիտական գրականության բացակությունը` կամ հին են, կամ ընդհանրապես չկան: Նրա հավաստմամբ` համալսարանն իրավունք չունի այլևս օգտվել սովետական ժամանակների դասագրքերից, և այսօրվա մասնագիտությունների համար անհրաժեշտ են նոր դասագրքեր: Ռեկտորը կրթության որակի բարելավման համար կարևորեց դասախոսների վերապատրաստման խնդիրը, ինչի կապակցությամբ բուհը պատրաստվում է համաձայնագրեր ստորագրել Ռուսաստանի և ԱՊՀ երկրների համապատասխան կառույցների հետ:
mardik.am