Սթիվ Ջոբսի հաջողության գաղտնիքը նրա որդեգիր մայրն էր ու մրցակցային միջավայրը` ամերիկացի պրոֆեսոր
Նոյեմբեր 04, 2011 | 14:46
Սթիվ Ջոբսը փող չուներ, բայց ուներ գաղափարներ, որոնք սկսեց կյանքի կոչել ավտոտնակում, այսօր` նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում դասախոսության ժամանակ հայտարարեց Ջորջ Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր Վիլյամ Կովաչիչը:
Նրա խոսքով` Ջոբսի հաջողությանը մեծապես նպաստեցին 2 գործոններ` հայազգի որդեգիր մարը եւ ԱՄՆ բարենպաստ մրցակցային միջավայրը: Ըստ Վ. Կովաչիչի` ոչ մի լավ գաղափար աշխարհում կյանքի չի կոչվի, եթե մրցակցային դաշտը լավը չլինի:
Նշենք, որ Վ. Կովաչիչը երկար տարիներ ղեկավարել է ԱՄՆ Դաշնային առեւտրի հանձնաժողովը (այդ երկրի հակամենաշնորհային քաղաքականության պատասխանատու մարմինն է); Վերջին տարիներին նա խորհրդատվություն է տրամադրում զարգացող երկրների կառավարություններին եւ մրցակցային մարմինների ղեկավարներին:
Հենց Վ. Կովաչիչն է անցյալ տարի հեղինակել ՄԱԿ-ի 6-րդ համաժողովի ընթացքում հրապարակված «Հայաստանի մրցակցության օրենքի եւ քաղաքականության վերաբերյալ» զեկույցը:
Զեկույցում եղել են նաեւ առաջարկություններ, որոնք հաշվի են առնվել Հայաստանի տնտեսական մրցակցության օրենքի փոփոխություններում: Ըստ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի` այդ առաջարկությունները թույլ են տվել էապես բարձրացնել հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը: