Տնտեսագիտական համալսարան դիմած 2477 դիմորդներից այս տարի բուհ է ընդունվել 1263-ը. ՀՊՏՀ ռեկտոր
2012-2013 ուսումնական տարում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան ընդունվելու դիմում է ներկայացրել 2477 դիմորդ, որից բուհ է ընդունվել 1263-ը: Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը:
«Անվճար ընդունվել են 97-ը, վճարովի՝ 1166-ը, այդ թվում 300-ը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից տրամադրված լրացուցիչ տեղերում:
Նախորդ տարվա համեմատ բուհի՝ ավանդաբար հեղինակավոր համարվող ֆակուլտետներում մրցակցությունն այս տարի բավական մեծ էր, անցողիկ շեմը՝ բավական բարձր: Ֆինանսներ և վարկ մասնագիտության համար, օրինակ, այս տարի անվճարի վերին շեմը 59,5 միավորն է եղել: Կառավարում, հաշվապահական հաշվառում, միջազգային տնտեսական հարաբերություններ մասնագիտությունների նկատմամբ ևս դիմորդներն այս տարի մեծ հետաքրքրություն են դրսևորել: Թվարկված մասնագիտությունների գծով անվճարի վերին շեմը եղել է 59 միավոր: Ավելի քիչ թվով դիմորդներ ունեցել ենք վիճակագրություն, ապրանքագիտություն բաժիններում»,- ասաց նա:
ՀՊՏՀ ռեկտորի խոսքով` իրենք որակյալ կադրեր կարող են պատրաստել միայն գործատուների հետ սերտ համագործակցության արդյունքում: «Դա է պատճառը, որ պայմանագրեր ենք կնքել մի շարք մարմինների հետ՝ ՊԵԿ, Էկոնոմիկայի նախարարություն, Կենտրոնական բանկ, ֆինանսների նախարարություն, Պետական գույքի կառավարման վարչություն, սոցիալական հարցերի նախարարություն և այլն:
Համաձայն պայմանագրի՝ գործատուն պարտավորվել է աշխատանքի վերցնել բուհի սահմանափակ թվով լավագույն շրջանավարտների: Կարծում եմ՝ սա բավական արդյունավետ գործընթաց է: Գործատուները մեզնից շատ են շահագրգռված որակյալ մասնագետներ պատրաստելու գործում: Նրանք մեր բուհում մեծ ներդրումներ են անում, լսարաններ բացում ուսանողների որակյալ կրթության համար:
Ընդհանուր առմամբ տնտեսագիտական մասնագիտություններն այսօր աշխատաշուկայում բավական մեծ պահանջարկ ունեն: Բացի այդ, համագործակցում ենք արտասահմանյան բազմաթիվ բուհերի հետ»,- ասաց Կորյուն Աթոյանը:
1in.am