ԿԲ-ի ներկայացուցիչները հյուրընկալվել են ՀՊՏՀ-ում

Երեւան/Մեդիամաքս/. Երեկ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) կայացել է ՀՀ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հանդիպումը ուսանողների հետ: Ինչպես Մեդիամաքս-ին հայտնել են ՀՊՏՀ լրատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնում, հանդիպման ընթացքում ԿԲ-ի ներկայացուցիչները հորդորել են ուսանողներին ավելի ակտիվ մասնակցել ՀՀ ԿԲ-ի առաջին նախագահ՝ Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի մրցույթին:

ԿԲ-ի նախագահի տեղակալ Ներսես Երիցյանի խոսքերով, արդեն 7 տարի է, ինչ ԿԲ-ն հայտարարում է Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի մրցույթ եւ հաղթողներին արժանացնում կրթաթոշակի: «Ցավոք, արդեն 2-3 տարի է, ինչ նվազել է ուսանողների մասնակցությունն այս մրցույթին»,- նշել է Ներսես Երիցյանը, հույս հայտնելով, որ այս հանդիպման ընթացքում ուսանողները կտեղեկանան Իսահակ Իսահակյանի անվան կրթաթոշակի մրցույթին առնչվող շատ հարցերի եւ ավելի ակտիվ մասնակցություն կունենան:

Իր հերթին, ԿԲ-ի անձնակազմի կառավարման վարչության պետ Գայանե Խաչատրյանը ներկայացրել է մրցույթի պահանջները, ինչպես նաեւ կենտրոնական բանկում աշխատատեղ համալրելու ուղիները: Նա նշել է, որ այսօր էլ Իսահակ Իսահակյանը աշխատում է Կենտրոնական բանկում որպես խորհրդական եւ իր արժեքավոր խորհուրդներով մշտապես օգնում ու աջակցում է ԿԲ -ի աշխատակիցներին:

Այնուհետեւ, զեկուցմամբ հանդես է եկել ԿԲ-ի դրամավարկային քաղաքականության վարչության մոդելավորման եւ կանխատեսումների բաժնի մակրոտնտեսագետ Հայկ Ավետիսյանը՝ ուսանողներին ներկայացնելով ՀՀ-ում արժութային ճգնաժամերի կանխատեսման վաղաժամ ազդանշանային համակարգերը:

Իսկ ԿԲ-ի տնտեսական վիճակագրության զարգացման բաժնի պետ Աշոտ Պետրոսյանը ուսանողներին տեղեկացրել է, որ ԿԲ-ն իրականացնում է «Միկրոտվյալների շտեմարանի հարցումներ» ծրագիրը, որի նպատակն այլընտրանքային եղանակով տեղեկատվության ստացումն է: Նա նշեց, որ այս աշխատանքներում, որպես հարցազրուցավարներ, կարող են ներգրավվել բուհերի շրջանավարտները, որոնք կկատարեն այցելություններ մարզերի բիզնես միավորներ, տնային եւ գյուղացիական տնտեսություններ եւ կհավաքագրեն տվյալներ: