Տնտեսագիտական համալսարան դիմողների կեսն է ընդունվել
Համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց, որ բոլոր 17 մասնագիտությունների գծով այս տարի բուհ ընդունվելու համար դիմել էր 2477 դիմորդ, որոնցից ընդունվել է գրեթե կեսը 1263-ը՝ 1166-ը վճարովի, 97-ը անվճար ուսուցման համակարգ:
«Ամենամրցակցայինը «Ֆինանսներ եւ վարկ» եւ «Կառավարում» ֆակուլտետներն են եղել: Այստեղ անվճարի վերին շեմը 59,5 միավորն էր, իսկ «Կառավարում» ֆակուլտետում` 59 միավորը», - ասաց Կորյուն Աթոյանը:
Այս մասնագիտությունների նկատմամբ հետաքրքրությունը ռեկտորը բացատրում է աշխատաշուկայում դրանց պահանջարկով: Թափուր տեղեր, ի տարբերություն մի քանի այլ բուհերի, Տնտեսագիտականում չեն մնացել:
ՀՊՏՀ-ի ուսանողները հաճախ բողոքում են իրենց դասագրքերից, նրանց խոսքով դրանք կամ ռուսերեն են կամ հին: «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ե՞րբ է թարմացվել բուհի գրադարանը վերջին անգամ, ռեկտորը պատասխանեց. - «Տնտեսագիտությունը բովանդակային ամբողջովին փոխվել է, այսինքն մենք նույնիսկ խորհրդային տարիների որեւէ գիրք օգտագործելու իրավունքն չունենք: Մենք պետք է զրոյից դասագրքեր պատրաստենք եւ լուրջ խնդիրներ ունենք այդ հարցում: Արագ թարմացում հնարավոր չէ, որովհետեւ պետք է նաեւ որակ ապահովենք»:
azatutyun.am