ՀՊՏՀ-ն կպատրաստի բնապահպանական փորձաքննության բնագավառի որակյալ մասնագետներ

(dasaran.am) Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունն այսօր ստորագրեցին համագործակցության պայմանագիր, համաձայն որի՝ համալսարանում կիրականացվի «Տնտեսական գործունեության բնապահպանական փորձաքննություն» մասնագիտացմամբ մագիստրոսական կրթական ծրագիր:

«Այս կերպ մենք ցանկանում ենք հիմք դնել մի գործընթացի, որը պահանջված է մեր երկրում»,- ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը: Նրա խոսքով` մագիստրոսական ծրագրի ներդրումը հնարավորություն կընձեռի ոլորտում առկա էկոլոգիական խնդիրների լուծման համար, և դրական արդյունքները առաջիկա տարիներին տեսանելի կլինեն:

«Մենք մեծապես կարևորում ենք այս պայմանագիրը: Այն հնարավորություն կընձեռի պատրաստել մեծ պահանջարկ ունեցող մասնագետներ»,- ասաց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը: Նա վստահեցրեց, որ պայմանագրի հիման վրա բուհը կպատրաստի այնպիսի մասնագետներ, որոնք կզբաղվեն բնապահպանական ոլորտին վերաբերող արդիական և հրատապ խնդիրների վերացմամբ:

Կնքված համաձայնագիրը համալսարանի կողմից գործատուի հետ կապերն ամրապնդելու և համագործակցութան ճանապարհով հանրապետության համար որակյալ կադրեր պատրաստելուն միտված յոթերորդ պայմանագիրն է: Այն նախատեսում է նախարարության հետ համաձայնեցնել նշված մասնագիտացման մագիստրոսի կրթական ծրագրի ուսումնական պլանները, առարկայական ծրագրերը և մագիստրոսական թեզերի թեմաները: Ծրագրի իրականացման նպատակով համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի հետ համատեղ կներգրավվեն նախարարության համապատասխան մասնագիտական փորձառություն ունեցող աշխատակիցները:

Աղբյուրը՝ armenpress.am