Տնտեսագիտական համալսարանն առաջին անգամ կղեկավարի Տեմպուսի ծրագիր. մեկնարկը տրվեց այսօր

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի ունեցավ Տեմպուս 4-ի «Համալսարան - Գործատու Հայկական համակարգող գործակալություն» («Արարատ») ծրագրի մեկնարկը, որի առիթով ՀՊՏՀ էին այցելել ծրագրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ Գերմանիայի, Իսպանիայի, Լատվիայի, Իտալիայի Սիցիլիայի և Պալերմոյի կրթական հաստատություններից, ինչպես նաև հայաստանյան բուհերից։

Համալսարանն այս տարի շահել է Տեմպուսի երեք ծրագիր, որոնցից մեկի՝ այս «Արարատ» ծրագրի դեպքում, դարձել է նաև ծրագրի համակարգողը։ «Արարատը» ազգային եռամյա ծրագիր է և նպատակաուղղված է համալսարան-գործատու կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը։

«Արարատ» ծրագրի աշխատանքները կշարունակվեն նաև վաղը` դեկտեմբերի 14-ին, հայտնում են ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: