Թե ինչո՞ւ 2013-ին կենսաթոշակներն ու նպաստները չեն բարձրացվելու. պարզաբանել է ՀՀ վարչապետը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր մեկնարկել է «Ազգային տնտեսության մրցունակության բարձրացման հիմնախնդիրներ» թեմայով գիտական նստաշրջանը, որին մասնակցել է նաև Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Վարչապետը մանրամասնորեն ներկայացրել է կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների տրամաբանությունը, ուղղությունները՝ ակնկալելով, որ այդ ուղղությունները կհարստացվեն ապագա տնտեսագետների կողմից ու որոշ թեմաներ կդառնան նրանց ուսումնասիրությունների առարկան:Տիգրան Սարգսյանը նստաշրջանի մասնակիցներին ներկայացրել է արտահանման խթանմանն ուղղված ռազմավարության անցած ճանապարհը, նշել, որ «նորանկախ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը հանրության դատին է ներկայացրել նոր հայեցակարգ»: Արմատական փոփոխությունը կայանում էր նրանում, որ «Առաջին անգամ մենք հայտարարեցինք, որ պետությունը պատասխանատվություն է կրում ոչ միայն բիզնես-միջավայրի, մրցակցային դաշտի ձևավորման համար, այլ նաև պարտավոր է մասնավոր հատվածի հետ միասին մշակել և իրականացնել ճյուղային, արդյունաբերական քաղաքականություն»,-նշել է Տիգրան Սարգսյանը: Անդրադառնալով սոցիալական ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ վարչապետը հայտարարել է, որ անցած քսան տարիների փորձը ցույց է տալիս, որ որքան պետությունը փորձում է ավելի շատ ֆինանսական օժանդակություն հատկացնել աղքատության հաղթահարման, սոցիալապես խոցելի խմբերին օժանդակելու համար, այնքան ֆինանսական օժանդակությունը ուժեղացնելու ճնշումը պետության վրա ավելանում է:

Մարդկանց մոտ սպասումներ են ձևավորվում, որ ամեն տարի 10-15 տոկոսով պետք է բարձրացնի կենսաթոշակներն ու նպաստները, իրենք էլ աղքատության շեմը կհաղթահարեն: Ավելին, պարզվել է, որ մարդիկ ամեն ինչի պատրաստ են միայն թե պետության կողմից տրվող նպաստնից չզրկվեն, շատերն անգամ պատրաստ էին իրենց անասուններից, հողակտորներից, բայց ոչ երբեք ընտանեկան նպաստից: Սա լուրջ խոչընդոտ է ոչ միայն Հայաստանի տնտեսության, այլ համաշխարհային տնտեսության աճի համար: «Պետք է պայքարենք ոչ թե սոցիալական խնդիրների դեմ, այլ դրանց պատճառների դեմ որոնք աղքատություն են ծնում»:

Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը նաև պարզաբանել է, թե ինչու 2013թ կառավարությունը կենսաթոշակներն ու նպաստները չի բարձրացնելու.«Աղքատություն ծնող առաջին պատճառը կրթությունն է, մեր ուսումնասիրությունենրը ցույց տվեցին, որ աղքատ ընտանիքներում կրթվածության մակարդակը չափացանց ցածր է, այդ ընտանիքներում չկան անդամներ, որոնք ունեն բարձրագույն կրթություն, կամ մասնագիտական կրթություն: Այդ համադրումների մեջ նրանք էապես զիջում են այլ ընտանիքներին: Կրթությունը աղքատ ընտանիքների համար պետք է հասանելի լինի: Դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ ֆինանսական միջոցների վերաբաշխումը մենք այս տարվա բյուջեում կատարել ենք ի օգուտ այս ռազմավարությանը: Մեզ վրա կա մեծ ճնշում, դուք լսում եք պատգամավորների ելույթները, որոնք սուր քննադատում են կառավարությանը, որ նախընտրական փուլում ենք մենք գտնվում, ինչու կառավարությունը չի ավելացնում թոշակներն ու նպաստենրը, որովհետև այն լրացուցիչ միջոցները, որ մենք կարողացել ենք հայթայթել, մենք ուղղելու ենք հենց կրթական ծրագրերի իրականացմանը, և առաջին հերթին աղքատ ընտանիքների համար»:

Բարեփոխումները շարունակվելու են գյուղատնտեսության, առողջապահության ոլորտներում: Վերջինում ներդրվում է ապահովագրության ինստիտուտը: Կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ 2012թ 114 հազար պխետական ծառայող սոցիալական փաթեթի օգնությամբ նաև ապահովագրեցին իերնց առողջությունը: 2013թ. պետբյուջեով 30 հազարով ավելացվել է այն պետական ծառայողների թիվը, ովքեր կկարողանան օգտվել այս ծառայությունից:

Կառավարությունը կարևորում է գիտելիքահեն տնտեսության կառուցումը.«Մրցունակ լինելը պայմանավորված է կրթական մակարդակով: Համալսարանները պետք է ապահովեն գիտության և արտադրության միջև կապը՝ լինելով լրջագույն հետազոտական կենտրոններ»,- հայտարարում է Տիգրան Սարգսյանը, որին հաջորդում է նախկին վարչապետ, Հայ- ռուսական սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի հայտարարությունը.« Խելացի, բանիմաց, կիրթ, ուսյալ մարդը մեզանում հաջողակ չէ: Հանրային կառավարման համակարգում անհամաչափ մեծ տեղ է գրավում, ասիական, գավառական յուրայնությունը: Մեզանում տիրող անհավասարությունը անարդար է, անհիմն, ոչ թափանցիկ»:

Դրամական օտարերկրյա տրանսֆերտների անկառավարելի հոսքը թանկացրել է կյանքը, այն ավելի շատ բացասական, քան դրական դեր է խաղում Հայաստանի մակրոտնտեսական կյանքում: Ուստի և համապատասխան ռազմավարության մշակման անհրաժեշտություն է նկատվում: «Հարկային դաշտը միտված է դրամահավաքությանը, գործարարության խրախուսման նշույլ անգամ չի նկատվում»,- հայտարարեց Արմեն Դարբինյանը ՝ հավելելով արդեն տասնհինգերորդ տարին է, ինչ չենք կարողանում հրաժարվել մաքսակետերում ԱԱՀ-ից կամ ինչպես Դարբինայնը բնութագրեց ԱԱՀ-ով կացնահարելուց: Նախկին վարչապետը դիմեց ներկա վարչապետին.«Պարոն վարչապետ, առաջարկում եմ, որպեսզի դուք լինեք այն վարչապետը, որը, այնուամենայնիվ , կտեղափոխի ԱԱՀ-ի հարկումը դեպի ռեալ տնտեսություն, դրանով իսկ մեծագույն նպաստ կբերի , կարծում եմ, բիզնեսի զարգացմանը»:

Տիգրան Սարգսյանը լսեց Արմեն Դարբինյանի ելույթն ամբողջությամբ ու հեռացավ: Դե իսկ տնտեսագիտական համալսարանում մեկնարկած գիտական նստաշրջանն իր աշխատանքները կավարտի Աղվերանում:

www.armradio.am