ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզաառողջարարական համալիր

Օգոստոսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի եւ ԱԺ պատգամավորների ուղեկցությամբ այցելեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի` Դիլիջանում գտնվող «Տնտեսագետ» մարզաառողջարարական համալիր: Այստեղ հուլիսի 6-ից օգոստոսի 29-ը 4 հերթափոխով հանգստանում են 120-150 ուսանող:

Համալիրի բնակիչները ջերմորեն ողջունեցին ԱԺ նախագահին, ով նաեւ այդ բուհի խորհրդի նախագահն է: Հովիկ Աբրահամյանը նրանց հետ անմիջական զրույցում հետաքրքրվեց հանգստացողների առօրյայով, կենցաղային պայմաններով, այնուհետեւ գործնականում ծանոթացավ դրանց` շրջելով համալիրի սենյակներով: Ուսանողների հետ զրույցը շարունակվեց սուրճի սեղանի շուրջ, ապա նաեւ ճամբարականների հետ համատեղ ընթրիքի ժամանակ: Իսկ թեմատիկան ընդարձակվեց ճամբարական առօրյայից մինչեւ երիտասարդության խնդիրներ: Այդ թեմաներին նա անդրադարձավ նաեւ լրագրողների հետ զրույցում` կարեւորելով երկրի քաղաքական, տնտեսական գործընթացներում երիտասարդների դերն ու մասնակցությունը. «Մենք բարձր ենք գնահատում քաղաքական եւ տնտեսական գործընթացներում մեր ապագա սերնդի, երիտասարդության աջակցությունը, միջամտությունը եւ մասնակցությունը։ Մենք ունենք դրա կարիքը, անհրաժեշտությունը, եւ համոզված եմ, որ այն կնպաստի, կօգնի ավելի ճիշտ կառավարել մեր երկիրը, ավելի ճիշտ գնահատել երիտասարդներին։ Որպես ԱԺ նախագահ՝ ես գտնում եմ, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում մենք պետք է ներգրավենք շատ ակտիվ երիտասարդների, որոնք իրենց մասնակցությունը կբերեն մեր երկրի ապագա քաղաքական եւ տնտեսական գործընթացներին»։

Մինչ ընթրիքն Ազգային ժողովի նախագահը անմիջականորեն տեղեկացավ նաեւ ապագա տնտեսագետների մարզական «նվաճումներին», որոնք ներկայացվեցին վոլեյբոլի խաղահրապարակում եւ թենիսի սեղանների շուրջ: Ընդ որում, Հովիկ Աբրահամյանը խաղերի պասիվ դիտորդի դերում չէր. ակտիվ երկրպագու լինելուց եւ խաղադաշտում գտնվողներին ոգեւորելուց բացի նա ավելի ակտիվորեն մասնակցեց նախ վոլեյբոլի մրցախաղին, ապա սեղանի թենիս մարզաձեւում ուժերը չափեց լավագույն ճամբարական խաղացողի հետ: Հենց տեղում, արձագանքելով ուսանողներին, ԱԺ նախագահը խոստացավ թենիսի երկու նոր սեղան նվիրել նրանց: Թեեւ Հովիկ Աբրահամյանն առանց այդ էլ դատարկաձեռն չէր եկել. նա «Տնտեսագետ» մարզաառողջարարական համալիրին նվիրեց հեռուստացույցներ:

Ուսանողների` ԱԺ նախագահի այցով առերեւույթ փոքր-ինչ պաշտոնական դարձած, բայց իրականում հենց ԱԺ նախագահի շնորհիվ սովորականի նման անկաշկանդ միջավայրում անցկացված առօրյան ավարտվեց ճամբարական ավանդական խարույկով, որը վառեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խարույկի շուրջ սկիզբ առավ մտերմիկ զրույց, որը շարունակվեց կիթառի նվագակցությամբ ու երգով եւ եզրափակվեց ԱԺ նախագահի եւ ուսանողների մասնակցությամբ շուրջպարով: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը:

Noratert.am