ՀՀ ԱԺ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը մասնակցեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 3-ին մասնակցեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստին, որին ներկա էր նաեւ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը:

Բացելով նիստը` Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց, որ նիստի օրակարգում ընդգրկված են ՀՊՏՀ 2011 թվականի բյուջեում փոփոխություն կատարելու մասին եւ ՀՊՏՀ կազմակերպական կառուցվածքում փոփոխություն կատարելու մասին հարցերը:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Կորյուն Աթոյանը ներկայացրեց առաջարկվող փոփոխությունները եւ դրանց հիմնավորումները: Այնուհետեւ տեղի ունեցավ մտքերի փոխանակություն:

Ազգային ժողովի նախագահ, ՀՊՏՀ խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանի առաջարկով օրակարգում ընդգրկված հարցերը դրվեցին քվեարկության, որի արդյունքում խորհուրդը միաձայն որոշեց ընդունել ներկայացված փոփոխությունները:

Օրակարգը սպառելուց հետո Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նիստն ավարտեց աշխատանքները: