ՊԵԿ նախաձեռնությամբ Տնտեսագիտական համալսարանում ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած լսարաններ են բացվել

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Պետական եկամուտների կոմիտեի ու Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև այսօր համագործակցության նոր հիմք է դրվել: Համալսարանում այսօր ՊԵԿ նախաձեռնությամբ բացվել է հիմնանորոգված ու ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած հարկային ու մաքսային մասնագիտացված 3 լսարան: Լսարանների բացմանը կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը հավաստիացրել է, որ լավագույն շրջանավարտներին հնարավորություն կընձեռվի աշխատանքի անցնել կոմիտեում:

ՊԵԿ կողմից վերջին տարիներին իրականացվող բարեփոխումների հիմքում մեծ ուշադրություն է դարձվում հատկապես կադրային քաղաքականությանը: Համակարգը բարձրակարգ մասնագետներով համալրելու նպատակով անցյալ տարվանից պետական եկամուտների կոմիտեի ու Հայատանի տնտեսագիտական համալսարանի միջև համագործակցություն է ձևավորվել:

Կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը պարբերաբար հանդիպումներ է ունենում բուհի պրոֆեսորադասախոսական կազմի և լավագույն ուսանողների հետ: Երկուստեք հեռանկարային այս համագործակցությունը ամիսներ առաջ ամրագրվել էր նաև պայմանագրով` հարկային և մաքսային ոլորտների մասնագիտացմամբ մագիստրոսի կրթական ծրագրի համատեղ իրականացման նպատակով: Իսկ այսօր արդեն համագործակցության նոր հիմք դրվեց. ՊԵԿ նախաձեռնությամբ այսօր տնտեսագիտական համալսարանում բացվեցին 2 հարկային և 1 մաքսային մասնագիտացված լսարաններ:

Նոր ուսումնական տարվանից այս լսարաններում սովորելու են պետեկամուտների կոմիտեի վաղվա աշխատողները: Ինչպես նշեց կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը համակարգն այսօր բարձրակարգ կադրերով համալրման խնդիր ունի և միայն լավ մասնագետ լինելը բավարար չէ կառույցի համար, միաժամանակ նա պետք է տիրապետի նաև ժամանակակից տեխնոլոգիաներին:

Ինչպես իր հերթին նշեց Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը նոր լսարանները նոր որակ, նոր շունչ և նոր լիցքեր կհաղորդեն ուսումնական գործընթացին:

Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանի փոխանցմամբ` մագիստրոսական կրթության 2 տարիների ընթացքում դասընթացները այս լսարաններից բացի զուգահեռ կազմակերպվելու են նաև պետ եկամուտների կոմիտեի ուսումնական կենտրոնում: