ՀՊՏՀ-ում մեկնարկել է «Ազգային տնտեսության մրցունակության բարձրացման հիմնախնդիրները» թեմայով 22-րդ գիտական նստաշրջան

Վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր մասնակցել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում մեկնարկած «Ազգային տնտեսության մրցունակության բարձրացման հիմնախնդիրները» թեմայով 22-րդ գիտական նստաշրջանի բացմանը:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ վարչապետը ներկայացրել է կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ուղղությունները: «21-րդ դարում հաջողության են հասնում այն երկրները, որոնք կարողանում են համաշխարհային շուկայում հանդես գալ նոր գիտելիքի ստեղծմամբ: Ինդուստրիալ հասարակությունից անցումը պոստինդուստրիալ հասարակությանը ենթադրում է տեղափոխվել գիտելիքի ոլորտ: Որպես կառավարություն՝ մենք պարտավոր ենք մի կողմից ստեղծել գիտելիքահեն հասարակության հիմքերը, մյուս կողմից` բացահայտել արդյունաբերության այն մրցունակ ճյուղերը, որոնք ունեն ապագա և կարող են ստեղծել հարաբերական առավելություններ տնտեսությունը զարգացնելու համար»,- ասել է վարչապետը: Այդ տրամաբանության ներքո էլ մշակվել է արտահանմանն ուղղված արդյունաբերական նոր ճյուղային քաղաքականությունը, որով պետությունը պարտավորություն է ստանձնել ձևավորել ոչ միայն մրցակցային բիզնես միջավայր, այլև մասնավոր հատվածի հետ մշակել ու իրականացնել ճյուղային արդյունաբերական քաղաքականություն:

«Ձևավորվել է պետություն մասնավոր համագործակցության նոր հարթակ՝ վարչապետի գլխավորությամբ, որի նպատակն է բացահայտել ՀՆԱ-ի ներուժ ունեցող արդյունաբերական տարբեր ճյուղերի առավելությունները: Համաձայնագրերի միջոցով 2-3 ճյուղերում արդեն իսկ հստակեցվել են պետության և մասնավորի պարտավորություններն ու գործողությունները: Առանձնահատկությունը կայանում է նրանում, որ ըստ ճյուղերի պետության քայլերը խիստ տարբեր են, չկան ունիվերսալ գործիքներ, որոնք կվերաբերեն բոլոր ուղղություններին»,- նշել է կառավարության ղեկավարը:

Անդրադառնլով գյուղատնտեսության բնագավառին՝ Տիգրան Սարգսյանն ասել է, որ գործադիրը գնալու է արտադրողականության աճի և մարզերում նոր աշխատատեղերի ստեղծման ճանապարհով: Կառավարության նոր՝ գյուղատնտեսության և գյուղի զարգացման հայեցակարգի նպատակն է մարզերում ստեղծել կյանքի համար հարմարավետ պայմաններ, որպեսզի մարդը ստիպված չլինի ծառայությունների համար ժամանել Երևան: Վարչապետը համայնքների և տնտեսությունների խոշորացման ծրագրերն իրականացնելու գործում ակնկալել է նաև երիտասարդ հետազոտողների ուսումնասիրությունները:

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ սոցիալական բնագավառում պետությունը կատարել է արմատական փոփոխություններ և գործադիրի նպատակն է պայքարել ոչ թե սոցիալական խնդիրների և աղքատություն ծնող հետևանքների, այլ դրանց պատճառների վերացման ուղղությամբ: «Աղքատություն ծնող պատճառները կրթության և աշխատատեղերի բացակայությունն են: Աղքատ ընտանիքներում կրթվածության մակարդակը շատ ցածր է, քանի որ կրթությունը հասանելի չէ: Այսուհետ վերջիններիս կրթության ծախսերը պետությունը վերցնելու է իր վրա և աղքատությունը չպետք է պատճառ հանդիսանա, որպեսզի սոցիալապես անապահով ընտանիքների երիտասարդները կրթություն չստանան: Դրանով պայմանավորված էլ 2013 թվականի պետական բյուջեի ֆինանսական միջոցների վերաբաշխումը կատարել ենք ի օգուտ այս ռազմավարության: Լրացուցիչ միջոցներն ուղղելու ենք կրթական ծրագրերի իրականացմանը, առաջին հերթին աղքատ ընտանիքների համար»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Վարչապետի խոսքով՝ հաջորդ խնդիրը սոցիալապես խոցելի ընտանիքների աշխատունակ անձանց աշխատանքով ապահովելն է: Կառավարության ղեկավարը նշել է, որ այս առումով բարդ հոգեբանական իրավիճակ է ստեղծվել. անապահով ընտանիքների աշխատունակ անձինք պատրաստ չեն աշխատել, չնայած որ ներկայիս 30-50 հազար դրամ սոցիալական նպաստի դիմաց կկարողանան վաստակել 100-120 հազար դրամ: «Պետք է հաղթահարենք այս հոգեբանական բարդույթը, որպեսզի մարդն իր աշխատանքով ապահովի իր ընտանիքի կենսունակությունը»,- նշել է գործադիրի ղեկավարը:

Խոսելով առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերի վերաբերյալ՝ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ այստեղ առկա ֆինանսավորման մոդելը չի բավարարում: Ստեղծվել է աշխատանքային խումբ և Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար Արա Դարզիի օժանդակությամբ մշակվում է այս բնագավառի արդյունավետությունը բարձրացնող նոր ռազմավարություն: Ըստ վարչապետի՝ խնդիրը ֆինանսավորման բարձրացման մեջ չէ, այլ կազմակերպչական ճիշտ եղանակների մշակման: ,Այստեղ առաջին քայլն ապահովագրական համակարգի ներդրումն էր: 114 հազար պետական ծառայողներ հնարավորություն են ստացել ապահովագրել իրենց առողջությունը, ներառյալ սրտի վիրահատությունը, որը նախկինում շատերի համար անհասանելի էր: 2013 թ. պետբյուջեով 30 հազարով ավելացրել ենք այն պետական ծառայողների թիվը, որոնք կկարողանան օգտվել այս ծառայությունից: Մեր նպատակն է առողջապահության ոլորտում դուրս գալ ճիշտ գնագոյացման վրա, որովհետև այստեղ էլ առկա է հիմնական խնդիրըե,- նկատել է կառավարության ղեկավարը:

Անդրադառնալով կրթությաւն և գիտության ոլորտին՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այստեղ ընտրվել է զարգացման հեռանկարային մոդել: Գիտության և կրթության զարգացման հիմքը պետք է լինեն համալսարանները: «Մրցունակ լինելը պայմանավորված է կրթական մակարդակով: Համալսարանները պետք է ապահովեն գիտության և արտադրության միջև կապը՝ լինելով լրջագույն հետազոտական կենտրոններ: Բոլոր դասախոսներն անպայման պետք է զբաղվեն գիտությամբ, դրա մասին է վկայում լավագույն փորձը: Բուհերը պետք է հանդիսանան հասարակության հենքը և մեր քայլերն ուղղվելու են այդ նպատակի իրականացմանը»,- ընդգծել է վարչապետը:

Լուրեր Հայաստանից - Թերթ.am