ՀՊՏՀ-ում ներդրվել է «կոլեկտիվ ներդրումային համակարգերի կառավարում» նոր կրթական ծրագիրը

Այսօր՝ հոկտեմբերի 12–ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) տեղի ունեցավ «Կոլեկտիվ ներդրումային համակարգերի կառավարում» մագիստրոսական կրթական ծրագրի շնորհանդեսը՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի, «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արտակ Ղազարյանի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանի մասնակցությամբ։

«Կոլեկտիվ ներդրումային համակարգերի կառավարում» կրթական ծրագիրը ՀՊՏՀ ֆինանսական ֆակուլտետի «Ֆինանսական շուկաներ և ինստիտուտներ» ամբիոնում ներդրվել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի միջև անցած տարի ստորագրված հուշագրի արդյունքում:

ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանի խոսքերով՝ այսօր կրթության շուկայում մրցակցությունը հասել է ահռելի չափերի: «Մենք վաղվա ապագա չենք ունենա, եթե այսօր մեր հանրապետությունում հիմք չդրվի նոր որակական կրթության: Մեր կրթության որակի գնահատականը կարող է տալ միայն գործատուն: Այդ իսկ պատճառով առանց գործատուների հետ խորը համագործակցության մենք որևէ որակական արդյունք չենք տա», - ընդգծեց Կորյուն Աթոյանը:

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ այսօր առկա է կարևոր խնդիր, որ բուհերը, ուսումնական հաստատություններն իրոք պատրաստեն մասնագետներ, որոնք մրցունակ են աշխատանքի շուկայում: Արտեմ Ասատրյանի խոսքով՝ նոր սերնդի երիտասարդ մասնագետների մասնագիտական հմտություններից է կախված հանրապետությունում ներդրվող կենսաթոշակային բարդ համակարգի հաջողությունը: Այնուհետև, բաց դասի ձևաչափում նախարարը ներկայացրեց նոր կենսաթոշակային համակարգի արդյունավետ ներդրման ճանապարհները, բարեփոխումների կայացման ու զարգացման մեխանիզմները:

«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արտակ Ղազարյանն իր ելույթում նշեց, որ ներդրված կրթական ծրագրի շնորհիվ համակարգն ապահովված կլինի կենսաթոշակային ոլորտի որակավորված մասնագետներով, որոնք մեծ պահանջարկ կվայելեն աշխատաշուկայում և բարեփոխումների ոգուն համապատասխան կունենան նոր մտածելակերպ, նոր հոգեբանություն, նոր գիտելիքներ:

Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը մասնավորեցրեց այն նպատակային ուղղությունները, որոնք կօժանդակեն «Կոլեկտիվ ներդրումային համակարգերի կառավարում» մասնագիտացման կայացմանը: Թադևոս Ավետիսյանի ներկայացմամբ՝ կլինեն դասախոսների և բարձր առաջադիմությամբ ուսանողների վերապատրաստումներ արտերկրում, յուրաքանչյուր կիսամյակ կանցկացվեն սեմինար մրցույթներ, կբարելավվեն ուսումնական պայմանները, կստեղծվի էլեկտրոնային գրադարան, կանցկացվեն քաղծառայության հատուկ կուրսեր` համապատասխան հավաստագրով:

Նշենք, որ «Կոլեկտիվ ներդրումային համակարգերի կառավարում» մասնագիտացմամբ այս տարի Տնտեսագիտական համալսարան է ընդունվել 33 դիմորդ և ստանում է մագիստրոսական կրթություն։

ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ՝ ՀՊՏՀ-ն, ընդհանուր առմամբ, 6 կառույցի հետ 8 մասնագիտացմամբ մագիստրոսական կրթական ծրագիր է իրականացնում`նպատակ հետապնդելով նորացված ծրագրերով, նոր մոտեցումներով կադրեր պատրաստել գերատեսչությունների համար և միաժամանակ լուծել շրջանավարտների աշխատանքի տեղավորման խնդիրը։

www.b24.am