Տնտեսագիտական համաժողովը մեկնարկեց
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր` նոյեմբերի 29-ին առաջին անգամ մեկնարկեց «Էթիկան և բիզնեսը 21-րդ դարում» (Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը և հետևանքները) խորագիրը կրող միջազգային տնտեսագիտական համաժողովը:
YES (Երիտասարդ Տնտեսագետ Ուսանողներ) գագաթնաժողովի հիմնական նպատակը էթիկայի երևույթների վերլուծական, հայեցակարգային և համեմատական մեծությունների ուսումնասիրությունն ու Եվրոպայում բիզնես միջավայրի աշխատանքների հետազոտումն է: Բացման խոսքով հանդես եկավ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը. «Մեզ համար ամենակարևորը 21-րդ դարի էթիկայի և բիզնեսի գործառնության քննարկումն է, դրանց համարժեք պատասխանները մշակելն ու նոր իրավիճակներ բացահայտելը»: Իսկ գագաթնաժողովի գլխավոր կազմակերպիչ` Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի նախագահ Արմեն Ալեքսանյանն իր ելույթում նշեց. «Այս համաժողովի նպատակն է երիտասարդ տնտեսագետներին հնարավորություն ընձեռել արտահայտելու սեփական մտքերն ու տեսակետները, ինչպես նաև խրախուսել իրենց կողմից ներկայացվող առաջարկությունները»: Այնուհետև ելույթ ունեցան գագաթնաժողովի աջակիցներ` ՀՊՏՀ և ԵՊՀ ուսանողական խորհուրդների նախագահներ Սևակ Խաչատրյանը և Ցոլակ Հակոբյանը:
Այսօր` հնգօրյա գագաթնաժողովի առաջին օրը, իրենց զեկույցներով հանդես եկան Հայաստանի, Ռումինիայի, Ռուսաստանի և Հունաստանի ներկայացուցիչները: Զեկույցները քննարկվում էին մյուս մասնակիցների կողմից: Իսկ գիտաժողովի երկրորդ մասում տեղի ունեցավ օրվա աշխատանքների ամփոփում, որի ժամանակ դասախոսությամբ հանդես եկավ «Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կրթության զարգացման ցանցի» կառավարիչ, ՀՊՏՀ դասախոս Ալեքսան Հարությունյանը:
Հաջորդ հանդիպումների ժամանակ իրենց զեկույցները կներկայացնեն ԱՄՆ-ի, Ավստրիայի, Դանիայի, ԼՂՀ-ի, Կոսովոյի, Նորվեգիայի, Պորտուգալիայի, Վրաստանի և Ուկրաինայի երիտասարդ հետազոտողները: Նշենք նաև, որ գիտական կոնֆերանսից բացի մասնակիցներին սպասվում են հետաքրքիր միջոցառումներ, շոուներ, ատրակցիոններ, ինպես նաև շրջագայություններ ՀՀ պատմամշակութային վայրեր:
hotnews.am, 29.11.2011