«Կամավորական լինելը մեծ պատասխանատվություն է». «Բաց դաս» ՀՊՏՀ-ում
Սեպտեմբերի 18-ին, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մեծ հանդիսասրահում տեղի ունեցավ «Կամավորականությունն ուսանողության շրջանում» խորագիրը կրող «Բաց դաս»:
Բանախոսները` «Counterpart International» քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի հայաստանյան ներկայացուցչության քաղաքացիական հասարակության գծով մասնագետ Գայանե Մարտիրոսյանը, քաղաքացիական հասարակության ծրագրի պատասխանատու Վահե Դարբինյանը և մարդու իրավունքների ու կառավարության հետ կապերի գծով մասնագետ Գայանե Վարդանյանը, կարևորելով կամավորական շարժումը` մարդու աշխատանքի և ժամանակի տրամադրումը առանց փոխհատուցման և վարձատրության ակնկալիքի, պարզաբանեցին կամավորական շարժման բնույթը, անդրադարձան մարդու կյանքի վրա նրա ազդեցությանը: «Կամավորական լինելը մեծ պատասխանատվություն է: Առաջին անգամ, երբ ինձ հնարավորություն տրվեց օգնելու տարբեր խնդիրներ ունեցող մարդկանց, ես վախի զգացում ունեցա: Սակայն ընդամենը մի քանի օրվա կամավորական աշխատանքը և մարդկանց օգտակար լինելու գիտակցումն ինձ նոր ուժ հաղորդեցին: Կամավորական շարժումն ինձ հնարավորություն տվեց ինքնահաստատվելու, հաղթահարելու բոլոր վախերը և մեր հասարակությանը օգտակար լինելու»,- սեփական օրինակով ներկայացնելով կամավորականությունը` Գայանե Վարդանյանը հորդորեց ուսանողներին գործուն մասնակցություն ունենալ կամավորական աշխատանքներում և դառնալ քաղաքացիական հասարակության լիարժեք անդամ:
Իր հերթին Գայանե Մարտիրոսյանը նշեց, որ կամավորական շարժումը տալիս է գիտելիքներ, ինքնադրսևորվելու հնարավորություն, վստահություն սեփական ուժերի հանդեպ, և որ ամենակարևորն է, քաղաքացիական հասարակության լիարժեք անդամը լինելու գիտակցում. «Իրական ու շոշափելի օգուտներից` փորձից, գիտելիքներից, մարդկանց հետ աշխատելու կարողությունից ու հմտությունից զատ, կամավորական շարժումը բերում է հոգևոր մեծ բավարարվածություն»:
Քաղաքացիական հասարակության ծրագրի պատասխանատու Վահե Դարբինյանի դիտարկմամբ` ուսանողության շրջանում կամավորական շարժումը զարգացնում է այնպիսի հմտություններ, հատկանիշներ ու գիտելիքներ, փորձառություն, որոնք օգնում են հետագայում գտնելու աշխատանք, մասնակցելու տարբեր միջազգային ծրագրերի. «Այսօր, ցանկացած գործատու կարևորում է ապագա աշխատակցի մասնակցությունը կամավորական շարժման մեջ և առաջնայնությունը տալիս է այդպիսի փորձ ունեցողներին»,- նկատեց Վահե Դարբինյանը:
Հավելենք նաև, որ հանդիպումը կազմակերպվել էր բուհի Ուսանողական Խորհրդի կողմից:Աղբյուրը` ՀՊՏՀ Լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
Slaq.am - Լրատվական աղբյուր