ՀՊՏՀ–ում բացվեց համակարգչային լսարան, ստորագրվեց համագործակցության հուշագիր

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր տեղի ունեցավ համագործակցության հուշագրի ստորագրում, ապա՝ համակարգչային նոր լսարանի բացում։ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և «Փյունիկ» բարեգործական հիմնադրամը ՀՊՏՀ նիստերի սրահում համագործակցության հուշագիր ստորագրեցին։

««Փյունիկ» բարեգործական հիմնադրամի հետ մեր փաստացի համագործակցությունը տարիներ պատմություն ունի»,– նշեց ԿԳ նախարարն՝ ավելացնելով, որ այս տարիների ընթացքում հիմնադրամի աջակցությամբ հսկայածավալ ներդրումներ են կատարվել հանրապետության կրթական ոլորտում։ «Այսօրվա համաձայնագիրն ամբողջացնում է մեր տարիների համագործակցությունը»,– նշեց Արմեն Աշոտյանը։

Հուշագրի ստորագրումից հետո «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը նշեց, որ «Փյունիկը» տարբեր բնագավառներում է աշխատում, սակայն շեշտը դնում է կրթական ծրագրերի վրա, «որովհետև մեր հիմնադրամը հենց այդպես էլ կոչվում է՝ մարդկային սերունդների զարգացման հիմնադրամ»։ «Իսկ ցանկացած հասարակություն, ցանկացած պետություն՝ առանց զարգացած մարդկային ռեսուրսների, առանց կրթված սերունդների, ուղղակի ապագա չունի և դատապարտված է կործանման։ Մեր ցանկացած ծրագիր միաժամանակյա չէ, և մեր բոլոր ծրագրերը շարունակական են»,– նշեց Լևոն Սարգսյանը։

Հուշագրի ստորագրումից հետո հյուրերը այցելեցին բուհի մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ, որտեղ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն ու «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Լևոն Սարգսյանը կատարեցին հիմնադրամի նվիրատվությամբ հիմնանորոգված և համակարգչային տեխնիկայով վերազինված լսարանի բացումը։ (Tert.am)