ՀՊՏՀ-ում ստորագրվեց համագործակցության հուշագիր և բացվեց համակարգչային լսարան
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն այսօր բուհում հյուրընկալեց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին և ''Փյունիկ'' համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանին: Պատվավոր հյուրերին հյուրընկալելու առիթը հիմնադրամի և նախարարության միջև համագործակցության հուշագրի ստորագրումն էր, ինչպես նաև ՀՊՏՀ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում ''Փյունիկ''-ի նվիրատվությամբ հիմնանորոգված և համակարգիչներով կահավորված լսարանի հանդիսավոր բացումը։
''Համագործակցության այս հուշագիրը վավերացնում է մեր անցած ճանապարհի արդյունքները և նոր հեռանկարներ է ստեղծում'',- հուշագրի ստորագրումից հետո ասաց ԿԳ նախարարը և անդրադարձ կատարեց կրթության ոլորտում ''Փյունիկ'' բարեգործական հիմնադրամի գործունեությանը, որում դրսևորվում է կազմակերպության բարձր հանրային գիտակցությունն ու սոցիալական պատասխանատվությունը:
''Փյունիկ'' հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Սարգսյանը նշեց, որ իրենց հիմնադրամն աշխատանքներ է կատարում բազմաթիվ ոլորտներում՝ շեշտադրելով, սակայն, կրթության ոլորտը։ Ընդգծելով, որ իրենց հիմնադրամը այդպես էլ կոչվում է` ''Մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամ'', Լևոն Սարգսյանը նշեց, որ առանց կրթված սերունդ ունենալու հնարավոր չէ լավ ապագա կառուցել։
Հուշագրի ստորագրումից հետո հյուրերը եղան մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետում, որտեղ Լևոն Սարգսյանն ու ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը կատարեցին ''Փյունիկ'' հիմնադրամի միջոցներով վերանորոգված և համակարգչային տեխնիկայով համալրված լսարանի բացումը։
ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանն ընդգծեց նման հարմարավետ ու տեխնիկապես հագեցած լսարանների կարևորությունը՝ շեշտելով, որ ''Փյունիկ'' հիմնադրամի նվիրատվության շնորհիվ բուհում ուսումնառությունը կդառնա ավելի արդյունավետ և կրթության ժամանակակից զարգացումներին ու պահանջին ավելի համահունչ։ (MAMUL.am)