Սոցապ նախարարը տնտեսագիտականում բաց դաս անցկացրեց

Աշխարհն աննախադեպ արագությամբ ծերանում է: 2050 թվականին 60 եւ ավելի տարիք ունեցող մարդկանց թիվն աշխարհում ավելի շատ կլինի, քան 15 տարեկանների: Հայաստանի բնակչության կեսը 2050-ին կլինի 50 տարեկանից բարձր: Այսօր Տնտեսագիտական համալսարանի ուսանողներին այսպիսի տխուր վիճակագրություն ներկայացրեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: Ըստ նրա, տնտեսությունը նույնպես ծերանում է: ՄԱԿ-ի մասնագետը ապագա տնտեսագետներին բացատրեց, թե այս ամենի ֆոնին, մեր երկրին որքա՜ն անհրաժեշտ են կենսաթոշակային բարեփոխումները:

«Կենսաթոշակային համակարգն առնչվում է երկրի բոլոր ուղղություններին ու ոլորտներին»,- նկատեց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, որը տնտեսագիտական համալսարան էր եկել ուսանողների համար բարեփոխումների թեմայով բաց դաս անցկացնելու: Ըստ նրա, ներկայիս գործող համակարգով քաղաքացու կենսաթոշակը կախված էր աշխատանքային ստաժից, բարեփոխված համակարգով անձը կենսաթոշակ կստանա աշխատունակ տարիքում կատարած վճարումներից. «Այսինքն` մարդը կստանա համարժեք փոխհատուցում իր կորցրած եկամտին»: Նախարարը ուսանողներին ներկայացրեց եռաստիճան կենսաթոշակային նոր համակարգը`հայտնելով, որ կենսաթոշակային բարեփոխումները հատկապես երիտասարդ սերնդին են վերաբերվում, եւ որ 2014-ից արդեն անցնելու ենք պարտադիր կուտակային համակարգին:Տնտեսագիտական համալսարանում, «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի նախաձեռնությամբ «Կոլեկտիվ համակարգերի կառավարում» անվանմամբ նոր ուսումնական ծրագիր է ներդրվել: «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի տնօրեն Արտակ Ղազարյանի խոսքերով, բարեփոխումները պահանջում են նոր գիտելիքներ, նոր մտածելակերպ, ուստի ծրագրի շնորհիվ հետագայում համակարգը ապահովված կլինի կենսաթոշակային ոլորտի որակավորված մասնագետներով, որոնք առաջիկայում շուկայում մեծ պահանջարկ են ունենալու:Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ, www.aravot.am