ՀՊՏՀ-ում ներդրվել է նոր կրթական ծրագիր, որի շնորհիվ կենսաթոշակային ոլորտը հետագայում ապահովված կլինի որակավորված մասնագետներով

«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամի «Բարեփոխումներ և գիտելիք» նախաձեռնության շրջանակներում այսօր Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում (ՀՊՏՀ) տեղի ունեցավ «Ֆինանսական շուկաներ և ինստիտուտներ» ամբիոնում ներդրվող «Կոլեկտիվ ներդրումային համակարգերի կառավարում» մագիստրոսական նոր ծրագրի բացման արարողությունը և առաջին բաց դասը:

Բաց դասը վարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, որի ժամանակ նախարարը ներկայացրեց «Կոլեկտիվ ներդրումային համակարգերի կառավարում» մասնագիտացումը, ինչպես նաև խոսեց նախարարության կողմից նախատեսվող ներդրումային ծրագրերի մասին:

Մինչ բաց դասի սկսելը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ողջունելով ներկաներին, նշեց, որ այսօր առաջնահերթ խնդիրներից մեկը կայանում է նրանում, որ բուհերը պատրաստեն այնպիսի մասնագետներ, ովքեր մրցունակ կլինեն աշխատաշուկայում: Անդրադառնալով նոր կենսաթոշակային համակարգի ներդրմանը, նախարարը հայտնեց, որ այն էապես կնպաստի երկրի տնտեսական աճին, իսկ դրա միջոցով կենսաթոշակառուների, աշխատողների և գործատուների բարեկեցությանը: «Ուստի մեզ համար առավել կարևոր է, որ տարիների ընթացքում մշակված, միջազգային փորձով հարստացած և վերջնական լուծումներ ստացած այս համակարգը հայտնվի ապահով ձեռքերում՝ իրականացվի արհեստավարժ, համապատասխան որակավորում ունեցող մասնագետների կողմից»,- ասաց նախարարը:

Ա.Ասատրյանի խոսքերով՝ ՀՊՏՀ-ի հետ համագործակցության արդյունքում կկարողանան ուսանողներին փոխանցել այն գիտելիքները, որոնք թույլ կտան բուհն ավարտելուց հետո անմիջապես աշխատանքի անցնել պետական համակարգում: «Իմ ցանկությունն է, որպեսզի այս համագործակցությունն իր դրական արդյունքները տա: Այսօրվանից պետք է սկսել պատրաստել այնպիսի մասնագետներ, որոնք անհրաժեշտ են լինելու մի քանի տարի անց նոր համակարգերի արդյունավետ գործարկման համար»,- ընդգծեց Ա.Ասատրյանը:

ԿՀԻԿ հիմնադրամի տնօրեն Արտակ Ղազարյանն էլ նշեց, որ կրթական ծրագրի նպատակն է Հայաստանի առաջատար բուհերից մեկում արհեստավարժ մասնագետ-կառավարիչների շարունակական պատրաստումը, ովքեր կնպաստեն կենսաթոշակային բարեփուխումների արդյունավետ ապահովմանը և երկրում կենսաթոշակային համակարգի կայացմանն ու զարգացմանը:

Ա.Ղազարյանի խոսքերով՝ այսուհետև Հայաստանում իրականացվող նոր կենսաթոշակային համակարգի ամբողջական մեխանիզմները, ինչպես նաև հաշվարկման ու ներդրումային կառավարման հիմունքները կդասավանդվեն պետական տնտեսագիտական համալսարանում: «Այս կրթական ծրագրի շնորհիվ հետագայում համակարգն ապահովված կլինի կենսաթոշակային ոլորտի որակավորված մասնագետներով, որոնք առաջիկայում պահանջարկ են վայելելու աշխատաշուկայում: Բարեփոխումներն իրենց հետ բերում են նոր մտածելակերպ, նոր հոգեբանություն և նոր գիտելիքներ, որի առաջնահերթ կրողները լինելու են նոր սերնդի երիտասարդ մասնագետները, նրանց մասնագիտական հմտություններից է նաև կախված ներդրվող բարդ համակարգի հաջողությունը»,- ասաց ԿՀԻԿ հիմնադրամի տնօրենը:

ՀՊՏՀ-ի ռեկտոր Կորյուն Աթոյանի խոսքերով՝ «Կոլեկտիվ ներդրումային համակարգերի կառավարում» մասնագիտացումը ՀՊՏՀ-ի Ֆինանսական ֆակուլտետի «Ֆինանսական շուկաներ և ինստիտուտներ» ամբիոնում ներդրվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցրեի նախարարության և ՀՊՏՀ-ի միջև անցած տարի ստորագրված փոխըմռնման հուշագրի արդյունքում: Ըստ նրա՝ համագործակցության արդյունքում բուհը այս գերատեսչության հետ կիրականացնի համատեղ մագիստրոսական կրթական ծրագիր և բուհն ավարտած ուսանողը կունենա երաշխավորված աշխատանք տվյալ գերատեսչությունում: «Մենք կադրեր պատրաստում ենք աշխատաշուկայի համար, հետևաբար պետք է հաշվի առնենք աշխատաշուկայի պահանջները: Աշխատաշուկայի, գործատուի պահանջներին համապատասխան մրցունակ կադր պատրաստելու նպատակով է, որ մեր բուհը սկսել է համագործակցության պայմանագրեր ստորագրել գործատուների հետ»,- ընդգծեց Կ.Աթոյանը:

Աղբյուր` Panorama.am