ՀՊՏՀ–ում կիրականացվի «Պետական գույքի կառավարում» մասնագիտացմամբ մագիստրոսական կրթական ծրագիր

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում այսօր բուհի ռեկտոր Կորյուն Աթոյանն ու Կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը ստորագրեցին համագործակցության պայմանագիր, համաձայն որի՝ այսուհետ համալսարանում կներդրվի «Պետական գույքի կառավարում» մասնագիտացմամբ մագիստրոսական կրթական ծրագիր։

«Պայմանագիրը, որը ստորագրվեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության միջև, ես շատ եմ կարևորում»,– պայմանագրի ստորագրումից հետո հայտարարեց ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը՝ ավելացնելով, որ որպես կրթօջախ՝ համալսարանն իր առաջ խնդիր է դրել բարեփոխել կրթական համակարգը, և գործատուներին ու աշխատաշուկային մատակարարել որակյալ մասնագետներ։ Ռեկտորի տեղեկացմամբ՝ մոտ մեկ տարի բուհը փորձում է աշխատաշուկայում գտնել իր գործատուներին, նրանց հետ ճշտել ներկայացվող պահանջները։

«Այս առումով մի շարք պայմանագրեր ենք կնքել Պետեկամուտների կոմիտեի, ՀՀ բանկերի միավորման, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, անշարժ գույքի պետական կադաստրի հետ և հիմա էլ պետական գույքի կառավարման վարչության հետ»,– ասաց ռեկտորը՝ հավելելով, որ նման պայմանագրերի ստորագրումը ձեռտու է նաև գործատուին, քանի որ վերջինիս նույնպես իր համակարգի արդյունավետության բարձրացման համար որակյալ աշխատուժ է հարկավոր։ «Այս պայմանագրի ստորագրումով կսկենք համատեղ մագիստրոսական կրթական ծրագրի իրագործում՝ սկսած մագիստրատուրայի ընդունելությունից մինչև ավարտական քննություն. մենք համատեղ կտանենք կրթական գործընթացը, համատեղ կմշակենք ուսումնական ծրագիրը, այսինքն՝ գործատուն կհուշի, թե ինչ մասնագետ է իրեն հարկավոր»,– ընդգծեց Կորյուն Աթոյանը։

«Մենք կարևորում ենք ՀՀ ԿԱ Պետական գույքի կառավարման վարչության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ պայմանագրի ստորագրումը և սրանով սկիզբ առնող համագործակցությունը»,– հայտարարեց պետական գույքի կառավարման վարչության պետը՝ ավելացնելով. «Առաջին անգամ Հայաստանում պետական գույքի կառավարումը՝ որպես մասնագիտություն, կդառնա բուհական կրթության բաղադրիչ և դա՝ ձեր համալսարանում»։

Արման Սահակյանն ընդգծեց, որ պետգույքի կառավարման վարչությունն սկսել է համարձակ բարեփոխումների շրջան և հատկապես այս փուլից սկսած՝ իրենց անհրաժեշտ է իրենց մասնագետների, պրոֆեսիոնալ կադրերի բազան շարունակել համալրել հատկապես Տնտեսագիտական համալսարանի հետ գործակցության շնորհիվ։ Շեշտելով որակյալ կադրերի իր ակնկալիքը՝ վարչության պետն ընդգծեց, որ իրենց մոտ պրոֆեսիոնալների պահանջ միշտ կա, և նրանք իրենց վարչությունում միշտ տեղ կունենան։

Tert.am, 13:37 • 06.03.12